13:17 | 07.04.20 | Նորություններ | 5545

FAST Webinars-ը կքննարկի ՏՏ-ի եւ տվյալագիտության դերը՝ COVID-19-ի ընթացքում եւ ավարտից հետո

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկում է FAST Webinars շարքը` COVID-19 պանդեմիայի պատճառով ստեղծված ճգնաժամի ընթացքում տարբեր ոլորտների զարգացման թեմայով։

FAST-ում նշել են, որ ստեղծում են նոր հարթակ, որպեսզի գիտնականները, փորձագետները եւ ձեռներեցները կիսվեն իրենց գիտելիքներով, փորձով եւ մասնագիտական կարծիքներով։

FAST Webinars շարքի «ՏՏ-ն եւ տվյալագիտությունը պանդեմիայի ընթացքում եւ դրա ավարտից հետո» խորագրով առաջին առցանց քննարկումը տեղի կունենա ապրիլի 8-ին՝ ժամը 20:00-ին։

Բանախոսներն են Իտալիայի ազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքային մոբիլության լաբորատորիա, գիտաշխատող, ասպիրանտ Գեւորգ Եղիկյանը, SmartClick, hիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը, FAST, տվյալագիտության փորձագետ Մհեր Մաթեւոսյանը, Ucom ցանցի շահագործման եւ մոնիթորինգի վարչության ղեկավար Զավեն Նավոյանը: Քննարկման մոդերատորն է FAST-ի տվյալագետ Վարդան Հարությունյանը:

Քննարկմանը, որի լեզուն հայերենն է, կարելի է միանալ Zoom տեսակապի` եւ FAST-ի ֆեյսբուքյան էջի միջոցով։

Վեբինարի ընթացքում քննարկելու են հետեւյալ հարցերը՝

ՏՏ լուծումներ
-Որո՞նք են առկա ՏՏ լուծումները, որոնք օգնում են պայքարել պանդեմիայի դեմ:
-Ի՞նչ օգտակար ծրագրեր կարող են մշակվել:

Կանխատեսումներ
-Հուսալի՞ են արդյոք այդ լուծումները։
-Կօգնե՞ն այդ լուծումները որոշում կայացնողներին։

Կյանքը պանդեմիայից հետո՝
-Կփոխվի՞ արդյոք ՏՏ/տվյալագիտության արդյունաբերության ոլորտը:
-Ի՞նչ կարող է առաջարկել ՏՏ ոլորտը ապագայում հնարավոր պանդեմիաների դեմ պայքարելու համար։