12:24 | 07.04.20 | Նորություններ | 6692

Yandex.Taxi-ն ՀՀ-ում ֆինանսական աջակցություն կտրամադրի կորոնավիրուսից տուժած վարորդներին

Yandex.Taxi-ն ստեղծում է գործընկերների աջակցության հիմնադրամ այն երկրներում, որտեղ գործում է ծառայությունը:

Ֆինանսական միջոցներն ուղղվելու են կորոնավիրուսից տուժած վարորդներին։ Հիմնադրամի ընդհանուր ծավալն ավելի քան 6 միլիոն դոլար է։

Հայաստանն առաջինն է Yandex.Taxi-ի միջազգային շուկաներից է, որտեղ գործարկվում է աջակցության ծրագիրը։

Հիմնադրամի միջոցները կուղղվեն այն վարորդներին, որոնք վարակվել են կորոնավիրուսով կամ հիվանդների հետ շփման հետեւանքով հայտնվել են մեկուսացման մեջ։ Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր կանոնավոր կերպով աշխատում են ծառայության հետ եւ օրական գոնե մի քանի ժամ պատվերներ են կատարում։

Ֆինանսական աջակցության չափը կախված է կատարված պատվերների պատմությունից.1 օրվա համար այն կկազմի վերջին կես տարվա օրական միջին մաքուր եկամտի կեսը։

Դրամական օգնությունը տրամադրվում է հիվանդության կամ կարանտինի 14 օրերի համար։ Աջակցության նվազագույն չափը 30 000 դրամ է, նույնիսկ եթե վերջին կես տարվա օրական միջին եկամտի վրա հիմնված հաշվարկն ավելի քիչ է նախատեսում։ Գումարի առավելագույն չափ սահմանված չէ։

«Վիրուսի տարածման եւ ձեռնարկված միջոցառումների պատճառով մարդիկ պետք է տանը մնան, բայց երբեմն ուղեւորությունները պարզապես անհրաժեշտ են, էլ չեմ խոսում առաքումներ իրականացնելու մասին։ Հետեւաբար, վարորդները ոչ թե պարզապես երթուղի են դուրս գալիս ու պատվերներ կատարում, այլ կարանտինային իրավիճակում օգնում են մարդկանց ապրել հնարավորինս լիարժեք կյանքով։ Մենք լիահույս ենք, որ բոլոր վարորդներն առողջ կլինեն, բայց եթե հանկարծ բախվեն հիվանդությանը, մենք անպայման կաջակցենք նրանց»,- ասել է Yandex.Taxi-ի EMEA եւ CIS երկրների ղեկավար Արամ Սարգսյանը։

Աջակցություն ստանալու համար վարորդը պետք է իր հավելվածի միջոցով դիմի Yandex.Taxi-ի աջակցության կենտրոն, նշի, թե ինչ է պատահել եւ ուղարկի հիվանդությունը կամ մեկուսացումը վկայող փաստաթղթերի լուսանկարները։