10:23 | 16.01.20 | Նորություններ | 2760

ԱՏՁՄ. ԿԳՄՍ նախարարությունից այսուհետ կառուցողական մոտեցում ենք ակնկալում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչությունը հայտարարություն է տարածել ՀՀ կառավարության հետ հետագա համագործակցության վերաբերյալ:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարի հայտարարությունը, որ ԱՏՁՄ անդամ ընկերություններն այլեւս անվստահելի գործընկեր են, անընդունելի ենք համարում եւ հայտարարում ենք․

1. ԱՏՁՄ անդամ են հանդիսանում 110 բարձր տեխնոլոգիական ընկերություններ, որոնց շրջանառությունից պետությանը վճարված հարկերը գերազանցում են 30 մլրդ․ ՀՀ դրամը, իսկ աշխատակիցների քանակն ավելին է քան 10,000-ը։ Միությունն իր մեջ միավորում է թե՛ միջազգային եւ թե՛ տեղական ընկերություններ, որոնք մեծ ներդրում ունեն ոչ միայն բարձր տեխնոլոգիական, այլ կրթության եւ գիտության զարգացման ոլորտներում։

2. Միությունը շարունակաբար համագործակցելով պետության հետ իրագործել է բազմաթիվ պետական նշանակության նախագծեր, ինչպիսիք են «Արմաթ» եւ «Իրական դպրոց» կրթական ծրագրերը, ինչպես նաեւ 2019թ. ՀՀ-ում իրականացված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT 2019), որը պետությունը ներկայացնում է որպես ձեռքբերում թե՛ ներքին եւ թե՛ համաշխարհային հարթակներում։

3. Այսուհետ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ակնկալում ենք կառուցողական մոտեցում։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ՀՀ կառավարությանը հիմնավորելու մեր բարձրացրած խնդիրների արդիականությունը եւ առաջադրած լուծումների արդյունավետությունը»,- ասված է ԱՏՁՄ տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր ԱՏՁՄ ղեկավար Կարեն Վարդանյանի այն հայտարարությանը, թե նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը: Նա հայտարարել էր, որ նախարարությունը հավատարիմ է Հայաստանի բոլոր դպրոցներն ինժեներական լաբորատորիաներով հագեցնելու իր հանձնառությանը` կլինի դա ԻՏՁՄ-ի, թե այլ կազմակերպության հետ: