15:21 | 15.01.20 | Նորություններ | 3700
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի թեստավորման փուլը։
Տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) դասընթացին մասնակցելու հայտ էր ներկայացրել ամառային զորակոչի ենթակա մոտ 400 երիտասարդ (17-23 տարեկան)։
Ինտենսիվ նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի նրանք պատրաստ լինեն հետագայում ծառայության անցնել «1991 ստորաբաժանում»-ում։
FAST հիմնադրամը, ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը «1991 ստորաբաժանում» ստեղծելու փոխըմբռնման հուշագիրը ստորագրել էին 2019թ. սեպտեմբերին։
«Նախապատրաստական դասընթացի շնորհիվ FAST հիմնադրամը ցանկանում է ամրապնդել երիտասարդների գիտելիքները տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտներում։ Դասընթացները լինելու են պարբերական․ մեկնարկելու են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ եւ տեւելու են 24 շաբաթ։ Հաջորդ դասընթացը կմեկնարկի ամռանը: Չափազանց ոգեւորիչ է, որ առաջին դասընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել 400 երիտասարդ»,- նշել է FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կարեւորում է FAST հիմնադրամի կողմից իրականացվող նախապատրաստական դասընթացը։ Հարկ է նշել, որ դասընթացին մասնակցելը շատ կարեւոր է, բայց դեռ երաշխիք չէ, որ երիտասարդները ծառայության կանցնեն «1991 ստորաբաժանում»-ում։ Այդ ընդունելությունն առանձին կարգով է կազմակերպվելու։ Բացի այդ՝ բոլոր ցանկացողները կարող են նաեւ ինքնուրույն պատրաստվել եւ մասնակցել «1991 ստորաբաժանման» ընդունելության մրցույթին»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
19 հարցի պատասխանելու համար նախատեսված էր 91 րոպե։ Քննության փուլը հաղթահարած երիտասարդներին FAST հիմնադրամը կհրավիրի հարցազրույցի։
Արդյունքում մոտ 60 ապագա զինծառայողներ կմասնակցեն 6 ամիս տեւողությամբ անվճար նախապատրաստական դասընթացին, որը պաշտոնապես կմեկնարկի հունվարի 29-ին։