12:14 | 14.01.20 | Նորություններ | 3559

Արայիկ Հարությունյան. Նախարարությունը հավատարիմ է ՀՀ բոլոր դպրոցներն «Արմաթ»-ներով հագեցնելու իր հանձնառությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանն այսօր անդրադարձել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի այն հայտարարությանը, թե նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ԿԳՄՍՆ հավատարիմ է Հայաստանի բոլոր դպրոցներն ինժեներական լաբորատորիաներով հագեցնելու իր հանձնառությանը` կլինի դա ԻՏՁՄ-ի, թե այլ կազմակերպության հետ:

«Այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ում կազմակերպությունը ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար, ով իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլեւս անվստահելի գործընկեր է դարձնում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համար»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը:

Նա հավելել է, որ եթե 2019թ. ինժեներական լաբորատորիաների բյուջեն կազմել է 352 մլն դրամ, ապա 2020թ.՝ 671 մլն:

Հիշեցենք, որ վերջերս հարցազրույցներից մեկում Կարեն Վարդանյանը հայտարարել էր, որ թեեւ 2019թ. «Արմաթ» լաբորատորիաներով համալրվել են Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերի բոլոր դպրոցները, որտեղ ավելի քան 33 աշակերտ է սովորում, ինչը ռեկորդային ցուցանիշ է, սակայն ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը: