17:23 | 13.01.20 | Նորություններ | 2088

Հայաստանի եւ Ինդոնեզիայի նախագահները քննարկել են տեխնոլոգիական համագործակցության ուղիները

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ։

Երկու երկրների նախագահներն առանձնահատուկ կարեւորել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտներում համագործակցության ընդլայնումը եւ փորձի փոխանակումը:

Այս համատեքստում նախագահ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը եւ նշել, որ բազմաբաղադրիչ այս ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է ունենալ երեխաների համար նախատեսված «Ապագայի թանգարան» կամ Հայաստանում առաջին արհեստական բանականության «Դիսնեյ լենդը»:

Նախագահները մտքեր են փոխանակել նաեւ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ: Ինդոնեզիայի նախագահն ասել է, որ իր երկիրն ակնկալում է Հայաստանի աջակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ։

Հայաստանի նախագահն ընդգծել է, որքան մեծ ու դինամիկ լինի կազմակերպությունը, այնքան դա շահեկան կլինի անդամ երկրների փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար։ Նախագահ Սարգսյանը նշել է Հայաստանի մրցակցային առավելությունները, որոնց շնորհիվ ինդոնեզական ներդրողների համար նոր շուկաներ մուտք գործելու լայն հնարավորություններ կբացվեն։