14:14 | 30.05.19 | Նորություններ | 8392
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) հատուկ հյուրի կարգավիճակով մայիսի 24-26-ին մասնակցել է Շանհայում կայացած «Փուցզյան» ինովացիոն համաժողովին:
Համաժողովի նպատակն էր ներկայացնել Չինաստանի տեխնոլոգիական եւ նորարարության ոլորտները, ինչպես նաեւ քննարկել համագործակցության եզրեր տարբեր երկրների հետ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը համաժողովում ներկայացրել է բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը: Վերջինս հանդես է եկել ելույթով, որտեղ ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական, կրթական եւ ինժեներական ոլորտների ներուժը եւ զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Ինժեներական քաղաքի ընձեռած հնարավորությունները:
Շանհայում Ամալյա Եղոյանը հանդիպել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի ղեկավար Հու Չժիցյանի հետ: Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել համատեղ ուժերով փորձել հայաստանյան բուհերից մեկում ստեղծել հայ-չինական ինժեներական լաբորատորիա, ինչպես նաեւ զարկ տալ համատեղ կրթական նախաձեռնություններին:
«Այսօր Չինաստանը դասվում է աշխարհի ամենանորարար երկրների շարքում: Ֆորումին մասնակցությունը շատ կարեւոր էր բացահայտելու այն հնարավորությունները եւ ծրագրերը, որոնք այսօր առաջարկում է այդ երկիրը: Կարեւորում եմ հատկապես չինական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցել աշխարհի տարբեր երկրների եւ հատկապես Հայաստանի հետ: Այսօր նման համագործակցություն սկսելու լավագույն ժամանակն է, հաշվի առնելով այն, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Չինաստանի միջեւ վիզային ռեժիմը կվերացվի»,- նշել է Ամալյա Եղոյանը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը չինական կողմին հրավիրել է մասնակցել հունիսի 24-28-ին Երեւանում եւ Վանաձորում անցկացվելիք «Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքին: