Կոնստանտին Իգնատեւը
Կոնստանտին Իգնատեւը
11:30 | 30.05.19 | Նորություններ | exclusive 2413
Հայաստանում հունվարից մինչ օրս յուրաքանչյուր 185-րդ օգտատեր, այդ թվում՝ կազմակերպությունների աշխատակիցները, ենթարկվել է բանկային տրոյական հարձակման:
Այս մասին Itel.am-ին տեղեկացրել են «Կասպերսկի լաբորատորիայի» փորձագետները՝ մայիսի 23-25-ը Սանկտ Պետերբուրգում կայացած մեդիա տուրի շրջանակում:
Ընկերությունում նշել են, որ տարեսկզբից մինչ օրս Հայաստանում յուրաքանչյուր 6-րդ ինտերնետ օգտագործող կիբեռհարձակման է ենթարկվել, իսկ յուրաքանչյուր 2-րդը՝ տեղական հարձակման (հարձակում` կատարված ոչ թե ցանցից, այլ տարբեր USB կրիչներից):
«Կասպերսկի լաբորատորիայի» փորձագետները նշում են, որ կիբեռհանցագործությունների հիմնական պատճառ շարունակում է մնալ փողը, այդ իսկ պատճառով հարձակումների հիմնական գործիք են դառնում բանկային տրոյական ծրագրերը:
Դրանք օգտագործվում են ֆինանսական բնույթի անձնական տվյալներ, օրինակ, քարտի մանրամասները, առցանց բանկային հաշվի տեղեկությունները, մուտքի տվյալները կորզելու նպատակով:
Կոնստանտին Իգնատեւը
Վնասաբեր ծրագրերը քողարկելու համար կիբեռհանցագործներն ակտիվորեն կիրառում են սոցիալական ինժեներության այնպիսի մեթոդներ, ինչպես ֆիշինգը: «Կասպերսկի լաբորատորիայի» տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ֆիշինգ հարձակման է ենթարկվել ինտերնետ օգտատերերի 8%-ը։
Փորձագետները նաեւ ահազանգում են, որ հարձակումների վեկտորը գնալով ավելի շատ ուղղված է կազմակերպություններին, մասնավորապես, փոքր ու միջին բիզնեսին։ Վերջին 4 ամիսների ընթացքում Հայաստանում ինտերնետից հարձակումների է ենթարկվել կորպորատիվ օգտատերերի 7 տոկոսը, իսկ լոկալ հանցագործների թիրախում է հայտնվել դրանց 26 տոկոսը:
Առեւտրային ընկերությունների նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ նրանք անմիջապես հասանելիություն են ստանում կազմակերպությունների հաշիվներին: Սա շատ ավելի մեծ եկամուտ է ապահովում, քան անհատների վրա հարձակումները:
Կորպորատիվ օգտատերերի վրա հարձակման համար հանցագործներն ընտրում են թիրախային ֆիշինգը: Նման հարձակման ժամանակ ուղարկված կեղծ էլեկտրոնային նամակներն առավելագույնս նման են պաշտոնական նամակներին:
«Կասպերսկի լաբորատորիայի» կոնտենտային վերլուծաբանների բաժնի ղեկավար Կոնստանտին Իգնատեւի խոսքով, ֆիշինգն ու մնացած կիբեռվտանգներն ահռելի վնաս են հասցնում ինչպես ընկերություններին, այնպես էլ մասնավոր օգտատերերին:
«Մարդիկ ու կազմակերպությունները կորցնում են գումար, արժեքավոր տվյալներ, վտանգվում է հեղինակությունը, ինչպես նաեւ ֆինանսական միջոցներ են ծախսվում համակարգի աշխատանքի վերականգնման համար։ Ֆիշինգի զոհ չդառնալու համար «Կասպերսկի լաբորատորիան» խորհուրդ է տալիս ընտրել հակաֆիշինգային պաշտպանական գործառույթներ եւ չկորցնել զգոնությունն ինտերնետում՝ ստուգել նամակն ուղարկողի էլեկտրոնային հասցեն, նամակի բովանդակությունը, հղումները, չբացել կասկածելի հղումները, չթողնել անձնական տվյալներ կասկածելի էջերում»,- նշել է Կոնստանտին Իգնատեւը:
«Կասպերսկի լաբորատորիան» կազմակերպություններին նաեւ խորհուրդ է տալիս աշխատակիցների համար անցկացնել կիբեռգրագիտության ու թվային միջավայրի վերաբերյալ թրեյնինգներ, ունենալ ֆայլերի լրացուցիչ կրկնօրինակներ, պարբերաբար թարմացնել ծրագրային ապահովումը, ընտրել պաշտպանության անվտանգ եւ փորձված լուծումներ։