11:30 | 06.05.19 | Նորություններ | 5482
Աշխարհի 19 առաջատար ավիաընկերություն միավորող Sky Team Airline Alliance-ը դարձել է «WCIT 2019-ՏՏ համաշխարհային համաժողովի» գործընկեր՝ միջոցառման օրերին Հայաստան այցելող հազարավոր հյուրերի համար սահմանելով զեղչեր։
«Սքայ թիմն» իր համակարգում WCIT 2019 անունով հատուկ էջ է բացել՝ հնարավորություն տալով առցանց ամրագրումներ անել աշխարհի ցանկացած կետից, որպես վերջնական ուղղություն նշելով Երեւանը։
«ՏՏ համաշխարհային համաժողովի գործընկերների շարքում ունենալով խոշորագույն ավիափոխադրողների «Սքայ թիմ» դաշինքը, կարող ենք երաշխավորված համարել, որ միջոցառման օրերին հյուրերի տեղափոխման խնդիր չենք ունենա, չնայած այսօր արդեն պարզ է, որ մեր սպասածից ավելի շատ հետաքրքրվողներ կան հոկտեմբերին Երեւանում անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար»,- նշել է WCIT 2019-ի մենեջեր Կատերինա Դանեկինան։
«Սքայ թիմի» անդամ են 19 ավիաընկերություններ՝ «Աերոֆլոտ», «ԷյրՖրանս», «Չայնա էյրլայնս», «Դելտա», «Չեխական ավիաուղիներ», «Քեյ Էլ Էմ», «Միդլ Իսթ Էյրլայնզ», «Կորեական ավիաուղիներ», «Ալ Իտալիա», «Տարոմ» եւ այլն։ Դաշինքի անդամ ավիաընկերություններն օրական 14,500-ից ավելի թռիչք են իրականացնում՝ ծածկելով աշխարհի 179 երկրի ավելի քան 1150 ուղղություն։
Ավիաընկերությունների դաշինքը մինչեւ 15 տոկոս զեղչ է տրամադրում «Բիզնես» եւ «Էկոնոմ» կարգի տոմսերի համար, իսկ առցանց ամրագրումների դեպքում լրացուցիչ վճարներ չեն գանձվի։
«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։