17:20 | 16.04.19 | Նորություններ | 3815

PicsArt-ում կանցկացվի APM մասնագիտացման վեցամսյա ծրագիր

PicsArt-ը մեկնարկում է APM (Associate Product Manager) մասնագիտացման վեցամսյա հատուկ ծրագիր:

Ծրագրի նպատակն է ուսուցման հնարավորություն տալ նրանց, ովքեր ցանկանում են փոխել մասնագիտացումը, սովորել նոր հմտություններ եւ աշխատել PicsArt-ում:

Ծրագրի մանրամասները հասանելի ենայստեղ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 5-ն է:

PicsArt-ի պրոդուկտի գլխավոր ղեկավար Միքայել Վարդանյանի խոսքով, ծրագիրը բացառիկ հնարավորություն է պրոդուկտի ղեկավարում մասնագիտացման համար:

«Այդ ընթացքում ծրագրի մասնակիցներն աշխատելու են հավելվածի վրա, սովորելով անմիջապես այն մարդկանցից, որոնք կանգնած են PicsArt-ի ստեղծման ակունքներում, եւ ում շնորհիվ հավելվածն ամբողջ աշխարհում ամսական 130 միլիոն ակտիվ օգտատեր ունի: Ծրագիրն ամբողջ դրույք աշխատանքի պես է: Մասնակիցները ընդգրկվելու են տարբեր թիմերում, մասնակցելու են դասախոսությունների, կապեր են հաստատելու եւ նոր հմտություններ են ձեռք բերելու։ Իսկ ծրագրի ավարտից հետո լավագույնները կընդունվեն նաեւ մեզ մոտ աշխատանքի»,- նշել է նա:

Միքայել Վարդանյանի խոսքով, APM ծրագիրը տարածված եւ հաջողված փորձ է միջազգային խոշոր ընկերություններում:

«Պատահական չէ, որ այդ փորձը ներդնում ենք նաեւ PicsArt-ի հայաստանյան գրասենյակում: Պրոդուկտների ղեկավարումը պահանջում է բազմակողմանի, պրակտիկ գիտելիքների մեծ պաշար, ընկերության պրոֆիլի ամբողջական տիրապետում եւ, իհարկե, փորձառություն. այս ամենը հնարավոր է APM վեցամսյա ծավալուն այս նախագծի շնորհիվ»,- հավելել է նա:

Ծրագրի մեկնարկային երկու շաբաթվա ընթացքում կներկայացվի PicsArt-ի հավելվածը, ընկերության կորպորատիվ մշակույթը եւ արժեքները։ Մասնակիցները կծանոթանան ընկերության բոլոր թիմերի աշխատանքին եւ կուսումնասիրեն պրոդուկտները: Տիրապետելով ընկերության գործունեությանը, նրանք կընդգրկվեն չորս տարբեր թիմերում՝ զարգացնելով պրոդուկտների մշակման նորարարական մոտեցումներ եւ այլ հմտություններ: Մասնակիցները կունենան նաեւ անհատական մենթորներ, որոնք կաջակցեն նրանց խորհրդատվությամբ եւ փորձի փոխանցմամբ: