Եվա Հյուսյանը
14:13 | 26.03.19 | Նորություններ | 6598
Crunchbase հարթակը հրապարակել է 2019թ. 50 խոստումնալից կին ձեռներեցների վարկանիշը, որտեղ ներկայացված է նաեւ հայ-ամերիկյան SoloLearn ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Եվա Հյուսյանը:
Վարկանիշը ստեղծվել է Crunchbase Pro որոնման համակարգի տվյալների հիման վրա: Ընտրված կին ձեռներեցների ղեկավարած ընկերություններն 2018թ. ներդրում են ստացել:
Վարկանիշում ներկայացված կանանց մի մասը նոր է սկսում իր ձեռներեցական ուղին, մինչդեռ մյուսները հարյուր միլիոնավոր դոլարներ են հասցրել ներգրավել:
2018թ. սեպտեմբերին SoloLearn-ը հայտարարեց $5,6 մլն արժողությամբ վենչուրային ներդրում ստանալու մասին: Ներդրումային շրջափուլը գլխավորում էր Naspers Ventures-ը:
2014թ. հիմնադրված ստարտափի համանուն հավելվածի օգտատերերի կեսից ավելի ներկայացնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը եւ Ռուսաստանը: Հավելվածով կարելի է սովորել JavaScript, Swift, Python, C++, HTML/CSS եւ այլ ծրագրավորման լեզուներ:
Առկա է նաեւ մասնագիտացած կոնտենտ՝ մեքենայական ուսուցման, արհեստական բանականության, ալգորիթմների մասին:Վեբ տարբերակից բացի՝ SoloLearn-ը հասանելի է Google Play-ում եւ App Store-ում: