12:23 | 26.03.19 | Նորություններ | 6059

Իվոն Չու. Հայաստանում կայանալիք WCIT 2019-ի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա

Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ Իվոն Չուն հայտարարել է, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանում հոկտեմբերին անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նկատմամբ եւ առկա են բոլոր նախադրյալները, որ այն լավագույններից մեկը դառնա:

Այս մասին Իվոն Չուն ասել է Երեւանում՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ WCIT 2019-ը Հայաստանի համար տարվա կարեւորագույն միջոցառումներից է եւ կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով:

Փոխվարչապետի խոսքով, WCIT 2019 հիանալի հնարավորություն է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների դաշինքի 82 անդամ-երկրների գործարարների համար ավելի լավ ուսումնասիրելու Հայաստանը, բացահայտելու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաեւ շահավետ փոխգործակցություն հաստատելու հայաստանյան ընկերությունների հետ:

Իվոն Չուն իր հերթին ասել է, որ տպավորված է Հայաստանի տեխնոլոգիական ներուժով եւ կարծիք հայտնել, որ երկիրը կարող է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց դառնալ:

Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու հրավերները՝ ուղղված Acer ընկերության հիմնադիր Սթեն Շիին եւ WITSA նախագահ Իվոն Չուին:

Հիշեցնենք, որ ՏՏ համաշխարհային համաժողովը կկայանա հոկտեմբերի 6-9-ը Երեւանում: Դրան հրավիրված են մասնակցելու հանրային եւ մասնավոր ոլորտի ավելի քան 2000 գործիչներ՝ շուրջ 60 երկրից:

WCIT 2019-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»: Համաժողովի թեմաներն են լինելու արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, թվային ապակենտրոնացումը, ազգային թվային օրակարգերը, խելացի քաղաքները եւ այլն: