13:54 | 12.03.19 | Նորություններ | 9626

Beeline-ը եւ ՄԻԿ Հայաստանը ամփոփել են պրոդուկտի մշակման ճամբարի արդյունքները

Հայաստանում Beeline-ը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը դեռեւս նախորդ տարի մեկնարկել էին պրոդուկտի մշակման` նոր ձեւաչափի ճամբար (product bootcamp), որը նպատակ ուներ օգնել նորարար գաղափարներ ունեցող երիտասարդներին սկսել տեխնոլոգիական ձեռներեցության ուղին եւ զարգացնել իրենց ստարտափները։

Տասնյակ դիմորդներից ընտրված 10 թիմերն ինտենսիվ աշխատել են իրենց կցված մենթորների՝ փորձագետների, բիզնեսի զարգացման մասնագետների եւ տեխնիկական մասնագետների հետ, ստացել խորհրդատվություն իրենց պրոդուկտի պոտենցիալ շուկայի, օգտատերերի, հնարավոր հատկանիշների վերաբերյալ։

Աշխատանքի արդյունքում նրանք հղկել են իրենց պրոդուկտի մասին նախնական գաղափարները եւ այն ներկայացրել ոլորտի լավագույն մասնագետներից բաղկացած ժյուրիին, որն էլ ընտրել է լավագույն երկու թիմերին։

«Միշտ հաճելի է տեսնել ակտիվ, գործունյա, տաղանդավոր երիտասարդների, ովքեր առկա խնդիրները համարում են ոչ թեբարդություն այլ հնարավորություն եւ իրենց սեփական լուծումներն են առաջարկում՝ մարդկանց կյանքը լավացնելու համար։ Մենք մեր կողմից որպես պատասխանատու ընկերություն ձգտում ենք հնարավորինս աջակցել նման երիտասարդներին, եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ մեր համատեղ ծրագիրը նման աջակցության հիանալի օրինակ է»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Զարգացման վաղ շրջանում գտնվող թիմերը պրոդուկտի մշակման ճամբարի շրջանակում կարողացան ավելի լավ հասկանալ իրենց նախնական գաղափարը եւ այն դիտարկել որպես հաճախորդների տեսանկյունից անհրաժեշտ բիզնես պրոդուկտ։ Մենթորների հետ կատարված աշխատանքի եւ ֆինանսական աջակցության շնորհիվ հաղթող երկու թիմերը կարողացան ստեղծել իրենց պրոդուկտի առաջին տարբերակները, որոնք գրեթե պատրաստ են շուկա մուտք գործելու»,- ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

1,5 մլն ՀՀ դրամ մրցանակին արժանացած Festival թիմը product bootcamp-ի շրջանակում մշակել է կինոփառատոնների համար նախատեսված հավելվածի ամբողջական տարբերակը Android եւ iOS համակարգերի համար եւ ներկայումս փորձում է այն կիրառել փոքրածավալ կինոփառատոնների հետ։
1 մլն ՀՀ դրամին արժանացած Rendchain թիմը ստեղծել է իր պրոդուկտի Beta տարբերակը, որը համախմբում է առկա համակարգիչների հզորությունը՝ 3D նյութեր ավելի արագ եւ որակով ստեղծելու համար։

Beeline-ում նշել են, որ թիմերը դեռեւս երկար ճանապարհ ունեն անցնելու մինչ շուկայում եկամտաբեր եւ կայուն բիզնես պրոդուկտ դառնալը, սակայն պրոդուկտի մշակման ճամբարի արդյունքում նրանք կարողացել են մեկ քայլ առաջ գնալ։