11:15 | 12.03.19 | Նորություններ | 3218

Նորակերտում «Արմաթ» լաբորատորիա է բացվել

Նորակերտի մշակույթի կենտրոնում՝ համայնքապետարանի աջակցությամբ եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ջանքերով, բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

«Արմաթ»-ի բացման հանդիսավոր արարողության ընթացքում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը կարեւորել է ծրագրի նշանակությունը դպրոցականների շրջանում եւ նշել, որ կաջակցի մարզում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թվի ավելացմանը:


Նորակերտ համայնքի եւ հարակից բնակավայրերի դպրոցականներն անվճար ինժեներական գիտելիք եւ ծրագրավորման հիմունքներ կսովորեն «Արմաթ»-ում, կստանան հնարավորություն մասնակցելու մասնագիտական, խրախուսական եւ գործարար միջոցառումների, ծանոթանալ ցանցի մյուս դպրոցականների հետ, համատեղ աշխատել ու նորարար գաղափարներ իրագործել:

Նորակերտի «Արմաթ»-ում դասավանդում է «Արմաթի» շրջանավարտ Սեդա Ասատրյանը: Նա սովորել է Այգեկի «Արմաթ»-ում (2013-2017), այժմ էլ՝ ուսանող է. սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում:


««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը շարունակում է ընդլայնվել: Այս պահին գործում է 256 խմբակ-լաբորատորիա: Մենք ունենք բազմաթիվ հաջողության պատմություններ՝ երբ արմաթցի շրջանավարտները, սովորելով բուհում, զուգահեռ նաեւ աշխատում են: Ըստ «Գրանթ Թորնթոն» ընկերության հետազոտության արդյունքների՝ «Արմաթ» շրջանավարտների 84 %-ը ընդունվել է բուհ, նրանց 39 %-ը սովորելուն զուգընթաց նաեւ աշխատում է»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Արմաթ» ցանցը ներդրվում է ԱՏՁՄ-ի կողմից՝ դոնոր կազմակերպությունների եւ ՀՀ կառավարության օժանդակությամբ: «Արմաթ»-ում ուսուցումն ավճար է: Լաբորատորիաները գործում են Հայաստանի, Արցախի, Ախալքալակի տարածքում: Բանակցություններ են տարվում նաեւ այն Հնդկաստան, Բանգլադեշ, Եթովպիա, Նամիբիա, Մոնղոլիա, Իսպանիա արտահանելու ուղղությամբ: