15:58 | 01.03.19 | Նորություններ | 3198

WCIT 2019-ին հրավիրված է 60 երկրի ավելի քան 2000 գործիչ

Այսօր կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) կազմակերպչական աշխատանքներին նվիրված քննարկում, որի արդյունքում ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, հոկտեմբերի 6-9-ը Երեւանում անցկացվելիք WCIT 2019-ը վերջին 10 տարում առաջին անգամ է տեղի ունենալու Եվրոպայում, այն է՝ Հայաստանում։ Փոխվարչապետի խոսքով, սա հիանալի հնարավորություն է դիրքավորելու Հայաստանը ՏՏ զարգացած եւ կենսունակ էկոհամակարգ ունեցող երկրների շարքում:

Աշնանը կայանալիք միջոցառմանը հրավիրված են մասնակցելու հանրային եւ մասնավոր ոլորտի ավելի քան 2000 գործիչներ՝ շուրջ 60 երկրից: Համաժողովի թեմաներն են լինելու արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, թվային ապակենտրոնացումը, ազգային թվային օրակարգերը, խելացի քաղաքները եւ այլն:

Մասնակցության նպատակով արդեն իսկ հարյուրավոր ընկերություններ են գրանցվել, իսկ որոշ երկրների ներկայացուցիչների հետ քննարկվում են տաղավարներով կամ հովանավորչական ծրագրերով հանդես գալու ձեւաչափերը։

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը եւ համաժողովի կազմակերպչական թիմը պետք է միասին աշխատեն՝ միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար, ընդ որում, յուրաքանչյուր գերատեսչություն պատասխանատու է լինելու իր ոլորտին առնչվող հատվածի կազմակերպման համար։