17:21 | 09.02.19 | Նորություններ | 2678
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների եւ ՏՏ-ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է աշնանը Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային գործընկերների հետ հանդիպումներում, այդ թվում՝ Դավոսում, մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների անձամբ է հրավիրել մասնակցելու կոնգրեսին: Կառավարության ղեկավարն ասել է, որ WCIT-ի անցկացումը ՏՏ ոլորտի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի դիրքն ընդլայնելու եւ ամրապնդելու լավ հնարավորություն կտա:
Զրուցակիցները քննարկել են նաեւ ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները: Մասնավորապես, նրանք կարեւորել են որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնայնություններից մեկը, եւ պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունն բնագավառի ընկերությունների հետ: