13:39 | 01.11.18 | Նորություններ | 10487
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պայմանավորվել են առավել արդյունավետ համագործակցել զորահավաքային նախապատրաստության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում:
Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Արզումանյանի եւ Զորահավաքային նախապատրաստության եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Արտակ Կիրակոսյանի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ կատարած այցի ժամանակ:
Այցի շրջանակում քննարկվել են զորահավաքային նախապատրաստության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներին վերաբերող իրավական ակտերը եւ այն հիմքային աշխատանքների իրականացման գործընթացը, որը կնպաստի հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Արմեն Արզումանյանի խոսքով, զորահավաքային նախապատրաստության փուլում, ռազմական դրության եւ արտակարգ իրավիճակների ժամանակ, պետության միասնական կառավարման համակարգի հիմքում ընկած է կապի արդյունավետ եւ անխափան կազմակերպումը: Նա նշել է, որ այդ նպատակով մի շարք աշխատանքներ են իրականացվել։ Մասնավորապես, որոշ չափով կարգավորվել է օրենսդրական դաշտը, սակայն դեռ կան բացեր, որոնք լրացվելու են համատեղ աշխատանքների արդյունքում: