11:54 | 01.11.18 | Նորություններ | 4113

«Ինժեներական քաղաք»-ն ամբողջությամբ կգործի 2020թ. վերջին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը եւ հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին որոշման նախագիծը։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ 2020թ.դեկտեմբերին նախատեսվում է ավարտին հասցնել ամբողջ ծրագիրը։

«Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական (ԻԲՏ) արտադրանքի եւ ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաեւ տարածաշրջանային հանգույց ինովացիոն ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական լուծումների համար:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն եւ կիրագործեն նորարարական գաղափարներ՝ տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով: