11:58 | 01.11.18 | Նորություններ | 10378
Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը:
Իր տեսակի մեջ եզակի` ներառական այս երգչախումբը, որի երգիչների մեծ մասը հաշմանդամություն ունեցող՝ այդ թվում սայլակավոր մարդիկ են, անցել է ստեղծագործական կայացման երկար ուղի:
Խումբը ստեղծվել է 25 տարի առաջ` Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: Այն սահմանել է կարեւոր նպատակ՝ ապահովել հոգեբանական ռեաբիլիտացիա՝ սայլակի օգնությամբ տեղաշարժվող անձանց համար: «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող «Փարոսն» արդեն հանրության մեծ ճանաչման արժանացած երգչախումբ է:
«Երգչախմբի առաքելությունն է ոչ միայն պատվով ներկայացնել մեր մշակույթը, այլեւ լինելով ակտիվ, անկախ եւ արժանավայել կյանքի փարոս ու ջատագով՝ օրինակ ծառայել Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Այդ նպատակների իրականացմանը մեծապես նպաստել են մեզ աջակցողները։ Պատահական չէ, որ 2011թ.-ից սկսած, երբ երգչախմբի գլխավոր գործընկերոջ դերը ստանձնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Փարոսը» գրանցեց աննախադեպ ստեղծագործական աճ, դարձավ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր եւ նվաճեց բազմաթիվ պարգեւներ ու մեդալներ»,- ասել է «Ունիսոն» ՀԿ եւ «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանը։
«Կյանքը մարտահրավեր է. գեղեցիկ ապրելու, դժվարություններ հաղթահարելու, ստեղծելու, նպատակներ սահմանելու եւ դրանք իրականացնելու «շղթա»: Այս բեմում նման սկզբունքով առաջնորդվող մարդիկ են: Նրանք ոչ միայն չեն ընկրկել կյանքի բերումով ստեղծված դժվարությունների առաջ, այլեւ գտել են խնդիրները հաղթահարելու յուրահատուկ միջոց՝ երաժշտության լեզուն: Այն կամքը, որը տարիներ շարունակ դրսեւորում է երգչախմբի յուրաքանչյուր անդամ, կյանքն իրապես սիրող, ուժեղ մարդու մոտեցում է: Երգչախմբի 25-ամյա ձեռքբերումները կարեւոր են եւ հուսամ՝ շարունակական: Մեր գործընկերությունը շարունակվելու է նաեւ հաջորդ տարի», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Փարոսը» թողարկել է 5 ձայներիզ, ելույթներով հանդես է եկել Հայաստանի, Արցախի եւ արտերկրի բեմերում (Լիբանան, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա, Սլովակիա, Լատվիա, Ռուսաստան)։
Հոբելյանական համերգի կայացմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Փարոս» հիմնադրամը: Ծրագրում ընդգրկվել են Ա.Խաչատրյանի, Ա.Վիվալդիի, Ջ.Վերդիի, Կ.Օրֆի եւ Խ.Ավետիսյանի ստեղծագործությունները։ «Փարոս» երգչախմբի հետ ներկայացել են նաեւ Օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը, ինչպես նաեւ «Նարեկացի» նվագախումբը։
«Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Երգչախմբին մշտական աջակցություն են ցուցաբերել նաեւ «Փարոս» հիմնադրամը, Քուլհանջյան - Շտրաուխ ընտանիքը (ԱՄՆ) եւ Հայկական Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնը: