14:51 | 31.05.18 | Նորություններ | 4507

Հայտնի են ԴիջիԿոդ մրցույթի հաղթողները

Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացել է ԴիջիԿոդ պատանեկան ծրագրավորման ամենամյա մրցույթը, որին մասնակցել են ՀՀ գրեթե բոլոր մարզերի դպրոցականները:

Այս տարի ԴիջիԿոդ-ին մասնակցելու հայտ է ներկայացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 300 դպրոցական, որոնցից եզրափակիչ փուլ է անցել 54-ը:

Դպրոցականներն աշխատել են Կրիա (KTurtle) եւ Մասաչուսեթսի (MIT) տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված Scratch (Աղվես) ծրագրավորման լեզուներով: Նրանք ներկայացրել են իրենց խաղերը մասնագիտական ժյուրիի անդամներին:

13 տարեկանից բարձր տարիքային խմբում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթողներ են ճանաչվել Ամիր Մեհդի Ասադին ու Րաֆֆի Բունիացյանը (Աբովյան)՝ իրենց «Revenge for justice» խաղով եւ Միքայել Նավոյանն ու Էդուարդ Ղազարյանը ՝ (Վանաձոր) իրենց «Last hope» խաղով, իսկ 13 տարեկանից ցածր տարիքային խմբում՝ Լիանա եւ Դիանա Խաչատրյանները (Կարճաղբյուր) «R/Evolution» խաղով:

Հռիփսիմե Յուզբաշյանն (Երեւանից) իր «Թիվ» խաղով հաղթել է 13 տարեկանից ցածր տարիքային խմբում «Լավագույն ինտերակտիվ անիմացիա» անվանակարգում, իսկ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում «Լավագույն ինտերակտիվ անիմացիա եւ սարքերի ինտեգրում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վահագն Զարգարյանը (Արծվաբերդ) իր «Flying device» նախագծով:

Կրիա (KTurtle) ծրագրով «Լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգում հաղթել է Մասիսից Էդգար Հարությունյանի «Եռանկյան կառուցում ըստ կոորդինատների» նախագիծը:

«Լավագույն դիզայն» անվանակարգի հաղթողն է Գյումրու 23 դպրոցի Արմաթի սաներ Ռազմիկ Սարգսյանի եւ Ստեփան Գրիգորյանի «Be like panda» խաղը:

Լավագույն ծրագրերի հեղինակներն արժանացել են պատվոգրերի ու խրախուսական մրցանակների:

Ժյուրիի կազմում ընդգրկված էին Արման Աթոյանը (X-Tech), Վահե Տոռոզյանը (Mindup Games), Նարեկ Թութխալյանը (Վորլդ Վիժն Հայաստան), Վարդան Մամիկոնյանը (Ucom), Արամ Քեռյանը (AUA), Սաթենիկ Մնացականյանը (Լեւիաթան), Նարեկ Աղեկյանը (Noor Games) եւ Արման Պողոսյանը (Ինստիգեյթ):

«ԴիջիԿոդը շատ լավ առիթ է ստեղծագործական տաղանդները բացահայտելու եւ մյուս կողմից դպրոցականների համար մրցակցային պայմաններ ապահովելու համար»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

ԴիջիԿոդն անցկացվում է 2015թ-ից ԻՏՁՄ-ի կողմից: Նպատակն է բացահայտել Հայաստանի ամբողջ տարածքում ինժեներություն ուսումնասիրող տաղանդավոր դպրոցականներին, ինչպես նաեւ խրախուսել նրանց, որպեսզի խաղեր սպառողից վերածվեն խաղ ստեղծողի:

ԴիջիԿոդի գլխավոր հովանավորը Ucom ընկերությունն է, հովանավորը՝ Վորլդ Վիժն Հայաստանը, գործընկերը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանը: