15:24 | 13.02.17 | Նորություններ | 16371

Հայտնի են ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթի հաղթողները

Փետրվարի 11-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կայացել է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ Ucom ընկերության աջակցությամբ:

360 հայտերից ԴիջիԿոդի եզրափակիչ փուլ անցած 40 դպրոցականները մրցել են մինչեւ 13 տարեկան եւ 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում: Նրանք աշխատել են Scratch Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայրում:

«Տեխնոլոգիական կրթության զարգացումը ԻՏՁՄ-ի ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք մշտապես իրականացնում ենք կրթական ծրագրեր եւ խրախուսական մրցույթներ՝ կարեւորելով դրանց մարզային հավասարաչափ բաշխվածությունը: Պատահական չէ, որ մրցույթն անցկացվում է Գյումրիում, իսկ մասնակիցները ներկայացնում են բոլոր մարզերի եւ Արցախի դպրոցները»,- նշել է ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«Ուրախալի է, որ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին մասնակցում են նաեւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները, որոնց տեխնոլոգիական մտածողության ձեւավորմանն ու զարգացմանը նպաստում է նաեւ Ucom ընկերությունը»,- ասել է Ucom ընկերության մարկետինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

«Լավագույն խաղ» անվանակարգում հաղթել են համապատասխանաբար Գավառի 3-րդ դպրոցի աշակերտ Արեն Բադալյանը՝ իր «Հետաքրքիր մաթեմատիկա» խաղով, եւ Գյումրիի թիվ 23 դպրոցի աշակերտ Ռազմիկ Սարգսյանը՝ «Պայքար կեսի համար» խաղով:

«Լավագույն վիրտուալ լաբորատորիա» անվանակարգի հաղթողներն են Երեւանի Smart City կենտրոնի սան Հելեն Քոսոյանը՝ իր «Խելացի վերելակ», եւ Արծվաբերդի դպրոցի աշակերտ Վահագն Զարգարյանը՝ իր «Physics lab» խաղով:

«Լավագույն մտահաղացում» անվանակարգի հաղթողն է Վանաձորի թիվ 19 դպրոցի աշակերտ Արամ Խաչատրյանը իր «Կատականա» խաղով, իսկ «Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վանաձորի ՀՊՃՀ-ի ավագ դպրոցի սան Վահե Ասլոյանը իր «After World» խաղով: Խրախուսական մրցանակի է արժանացել Ծովագյուղի դպրոցի սան Կոլյա Մարգարյանը  իր «Թվերի զարմանահրաշ աշխարհում» խաղով:

Այս տարի առաջին անգամ երկու տարիքային խմբերի համար սահմանվել էր նաեւ «Արմաթի մրցանակ» անվանակարգը, որի հաղթողներին որոշել են ՀՀ բոլոր մարզերի հենց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները՝ վիդեոքվեարկությամբ: Մրցանակին արժանացել են Գյումրիի Ընտանիք կենտրոնի սան Սահակ Սահակյանը (Help C# to get programmers Love) եւ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի աշակերտ Մովսես Մարդանյանը (Mr. Marvin):

Մրցույթի հաղթողները ԻՏՁՄ-ի, Ucom եւ Huawei ընկերությունների կողմից ստացել են դրամական պարգեւներ, բջջային հեռախոսներ, վերապատրաստման եւ տեխնոլոգիական ճամբարներին մասնակցելու հնարավորություն: