14:18 | 11.02.17 | Նորություններ | 4215

Գյումրիում մեկնարկել է ԴիջիԿոդ պատանեկան մրցույթը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը:

Այն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ Ucom ընկերության աջակցությամբ:

«Տեխնոլոգիական  կրթության զարգացումը միության ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք մշտապես իրականացնում ենք կրթական ծրագրեր եւ խրախուսական մրցույթներ ու հատկապես կարեւորում ենք մարզային հավասարաչափ բաշխվածությունը: Պատահական չէ, որ մրցույթն անցկացվում է Գյումրիում, իսկ մասնակիցները ներկայացնում են բոլոր մարզերի եւ Արցախի դպրոցները», - ասել է ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Արդեն երրորդ անգամ անցկացվող ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել դպրոցականների մոտ:

Այս տարի մրցույթին դիմել են ՀՀ բոլոր մարզերի եւ Արցախի 360 դպրոցականներ, որոնցից  տարբեր դպրոցների 40 լավագույնները մասնագիտական ժյուրիի անդամներին կներկայացնեն իրենց ստեղծած խաղերը:

Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել եւ զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին եւ հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին եւ անհատներին:

Մրցույթի ծրագրավորման լեզուն Scratch-ն է: Scratch-ը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է: Աշխատելով այս միջավայրում՝ դպրոցականները ցանցի միջոցով կապեր են հաստատում նաեւ արտասահմանյան այլ դպրոցների աշակերտների հետ, քննարկում իրենց ստեղծած խաղերի ուժեղ եւ թույլ կողմերը, օգնում եւ գնահատում միմյանց:

Դպրոցականները մրցում են մինչեւ 13 տարեկան եւ 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն խաղ», «Լավագույն վիրտուալ լաբորատորիա» «Լավագույն դիզայն» եւ «Լավագույն մտահղացում» անվանակարգերի համար:

Այս տարի առաջին անգամ երկու տարիքային խմբերի համար սահմանվել է նաեւ «Արմաթի մրցանակ» անվանակարգը, որի հաղթողները կորոշվեն ՀՀ բոլոր մարզերի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաների քվեարկությամբ:

Արմաթականները արդեն ծանոթացել են MIT կայքում տեղադրված խաղերին եւ իրենց գնահատականները կհնչեցնեն վիդեոհաղորդագրությունների տեսքով:
ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթի հաղթողները ԻՏՁՄ-ի, Ucom եւ Huawei ընկերությունների կողմից կարժանանան դրամական պարգեւների, կստանան բջջային հեռախոսներ, վերապատրաստման եւ տեխնոլոգիական ճամբարներին մասնակցելու հնարավորություն:

ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր գործընկերն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, գործընկերը՝ Huawei ընկերություն: