14:03 | 31.05.18 | Նորություններ | 13833

Մեկնարկել Է «Ռոստելեկոմի» եւ «Այբ» դպրոցի «Բարեւ Ապագայից» նախագիծը

Մայիսի 30-ին «Այբ» դպրոցում մեկնարկել է «Ռոստելեկոմի» հետ համատեղ իրականացվող «Բարեւ ապագայից» նախագծի առաջին ցուցադրություն-քննարկումը:

Մասնակիցները ծանոթացել են ապագայի տեխնոլոգիաների համաշխարհային եւ հայաստանյան միտումներին, հաղորդակցվել ամենաանհավանական ոլորտներում դրանց կիրառությանը (օրինակ՝ արհեստական բանականությունն (ԱԲ) արվեստում):

Միջոցառման շրջանակում «Այբ» դպրոցի «Տեխնոշարժ» ակումբի աշակերտները «Բարեւ ապագայից» նախագծի շրջանակում ցուցադրել են ԱԲ լուծումներով ստեղծված արվեստի գործեր։

«Այսօր երեխաների կողմից ԱԲ ճիշտ ընկալումն ապագայում նրանց հնարավորություն կտա դրա կիրառման համար նորանոր ուղղություններ գտնել։ Արհեստական բանականության կիրառությունն օրեցօր ավելի ու ավելի լայն շրջանակներ է ընդգրկում։

Ուրախալի է, որ «Այբ» դպրոցը, ի թիվս այլ ուղղությունների, կարեւորում է երեխաների տեխնո կրթությունն ու մտածողության զարգացումը։ Համոզված եմ՝ այսօրվա քննարկումն ու ցուցահանդեսը շատ օգտակար կլինեն մասնակիցներին եւ ընդհանուր պատկերացում կտան այն ամենի մասին, ինչը ակամա մեզանից յուրաքանչյուրը մոտ ապագայում կիրառելու է»,- նշել է «Ռոստելեկոմ Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ամեն դար ունեցել է իր նորարարությունն արվեստում։ Մեր դարն արհեստական բանականության դար է, եւ զարմանալի չէ, որ նորարարության ոգեւորությունները դեպի արվեստ են գալիս հենց արհեստական բանականությունից։ Այն, ինչ մտածեցին եւ իրականացրին «Այբ»-ի աշակերտները, դրա վառ ապացույցն է։ Միացնելով երկու շատ տարբեր աշխարհ՝ նրանք ստեղծեցին մի յուրօրինակ երեւույթ, որի նմանը չկա. ցուցահանդեսի ժամանակ ներկայացվում է արհեստական բանականության կողմից ստեղծված արվեստի աշխատանք։ Ցուցահանդեսին մասնակցում է ոչ թե երկու հեղինակ՝ գեղանկարիչ եւ լուսանկարիչ, այլ երեք՝ լուսանկարիչ, գեղանկարիչ եւ արհեստական բանականություն»,- նշել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։