17:09 | 11.05.18 | Նորություններ | 15722

«Ռոստելեկոմ»-ը կբարձրացնի ՃՏՊ փորձաքննությունների ճշգրտության մակարդակը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» եւ «Ռոստելեկոմ» Հայաստանի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարձրացնելու փորձաքննությունների ճշգրտության ու օբյեկտիվության մակարդակը:

Կողմերը նախատեսում են համագործակցել PC Crash համակարգչային ծրագրի եւ VZM 300 դեսելեռոմետր սարքի ձեռքբերման եւ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ տեսակի հետազոտություններ իրականացնելու հնարավորությունների ներդրման հարցում:

Հայաստանում որեւէ պետական փորձագիտական կազմակերպությունում ներդրված չեն եւ չեն իրականացվում նման ծրագրի եւ սարքի կիրառմամբ հետազոտություններ։

«Նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ամենատարբեր բնագավառներում արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը, աշխատանքի օբյեկտիվության ու ճշգրտության բարձրացումը։ Զարգացած երկրներում բազմաթիվ ծրագրեր են մշակվում, որոնք նպաստում են քննիչների ու մասնագետների աշխատանքի որակի բարձրացմանը, օժանդակում են բնակչությանը տրամադրվող բարձրակարգ ծառայությունների մատուցմանը։ Ուրախ ենք մասը կազմելու եւ մեր ներդրումն ունենալու Հայաստանում հանրության համար մեծ կարեւորություն ունեցող այս նախագծի իրականցման գործում։ «Ռոստելեկոմ»-ի եւ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի համագործակցությունն այսօր մեկ նպատակ ունի՝ նպաստելու ճանապարհատրանսպորտային պատահարների իրական ու օբյեկտիվ պատկերի ստացմանը, ինչը ոչ միայն վարորդների, այլ նաեւ հասարակության յուրաքանչյուր անդամի անվտանգության ու վստահության երաշխիքն է»,- ասել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից նորագույն մեթոդների ներդրումը եւ նորարարական լուծումների կիրառումը, աշխատանքների արդիականացումը կարեւոր խնդիրներից է կազմակերպության եւ առհասարակ մեր հանրապետությունում փորձագիտական հնարավորությունների ընդլայնման եւ զարգացման հարցում։ Այդ առումով խիստ կարեւորվում է նման համագործակցության հնարավորությունը, մասնավորապես բարձր գնահատելով «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի ՝ ի դեմս պարոն Ֆարամազյանի, համագործակցության շրջանակում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հետազոտությունների արդի հնարավորությունների ներդրման հարցում աջակցությունը։ Միջազգային պրակտիկայում ընդունված փորձագիտական մեթոդների եւ մեթոդիկաների ձեռքբերման եւ դրանց ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները մեծապես նպաստում են իրականացվող փորձաքննությունների որակի շարունակական բարելավմանը եւ արդյունքների հավաստիության բարձրացմանը»,- նշել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը։

PC Crash համակարգչային ծրագիրը օբյեկտիվ եւ անկախ հետազոտություն իրականացնելու հնարավորություն է տալիս, ինչը մաթեմատիկական մոդելավորման եւ 3D պատկերների միջոցով թույլ է տալիս ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն ճանապարհատրանսպորտային պատահարին նախորդող եւ բուն ընթացքում իրադրության զարգացման՝ վթարի մեխանիզմի վերաբերյալ, իսկ VZM 300 դեսելեռոմետր սարքը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վայրում դատական փորձաքննություններ իրականացնելիս հետազոտելու եւ պարզելու տրանսպորտային միջոցի արգելակման ուղու երկարությունը՝ հնարավորություն տալով ստանալու օբյեկտիվ տեղեկություն անցած տարածության վերաբերյալ, ինչպես նաեւ իրականացնելու տրանսպորտային միջոցի արգելակման փորձարկում, մասնավորապես՝ նաեւ դանդաղեցման գրանցում եւ արգելակման հետքի չափում:

Այն հնարավորություն կտա նաեւ գիտական ուղղություններով նոր հետազոտությունների իրականացման համար, առաջնորդվելով ոչ թե անցյալ դարի 80-ական թվականների մեթոդներով, այլ՝ արգելակման տարածության չափսի վերաբերյալ հնարավորինս ստույգ պատկերացում կազմելու ժամանակակից հետազոտության մեթոդի կիրառմամբ: