16:39 | 11.05.18 | Նորություններ | 12417
Հուլիսի 22-ից 29-ը անցկացվելիք Sevan Startup Summit 2018-ի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աքսելերացիոն ծրագիր, որի ներդրումային ֆոնդը կկազմի $100 հազ.:
Ներդրումը կկատարվի Seaside Startup Summit-ի կողմից: Միջոցառման շրջանակում մրցանակային ֆոնդը կկազմի $50 հազ.։ Ավելի քան 30 ստարտափներ կստանան դրամական մրցանակներ՝ ոլորտային մրցույթների շրջանակում։ Ակնկալվում է, որ այլ ներդրումային ֆոնդերի եւ հրեշտակ ներդրողների կողմից կատարվող ներդրումները կկազմեն շուրջ $1 մլն:
Միջոցառումն անվճար հայտեր կընդունի մինչեւ մայիսի 14-ը: Վերջնաժամկետից հետո հայտերը կշարունակվեն ընդունվել վճարովի հիմունքներով: Մայիսի 15-ից հունիսի 4-ը դիմած ստարտափների՝ մասնակցության հաստատման դեպքում, ամեն մասնակցի անդամավճարը կկազմի $30, իսկ հունիսի 5-ից՝ $45:
Կազմակերպիչներն ակնկալում են Հայաստանում հյուրընկալել շուրջ 1000 ձեռնարկատերերի աշխարհի տարբեր երկրներից։ Միջոցառումը կմիավորի ԱՄԷ-ում եւ Հնդկաստանում կայացած սամմիթների հաղթող ստարտափներին, տեղական ստարտափ էկոհամակարգի հիմնական շահառուներին, հաջողակ ձեռներեցներին եւ ներդրողներին։
«Հաշվի առնելով Սամմիթի միջազգայնացումը՝ մենք նպատակ ենք դրել ամեն տարի Հայաստանում միավորել ոլորտի առաջատար ներկայացուցիչներին։ Ակնկալում ենք, որ ոչ ֆորմալ վրանային միջավայրը կնպաստի փորձի եւ գիտելիքի անկաշկանդ փոխանակմանը շահառուների միջեւ»,- նշել է համաժողովի տնօրեն Վահագն Ռափյանը: