10:58 | 07.05.18 | Հոդվածներ | exclusive 22593

Փիերս Ռիդյարդ. Մինչ ամերիկյան շուկա դուրս գալը հաստատվե՛ք լոկալ շուկայում

Փիերս Ռիդյարդը Լոնդոնում տեղակայված Radix ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է: Radix հարթակը օգնում է ստեղծել եւ տարածել ապակենտրոնացված հավելվածներ:

Փիերս Ռիդյարդը՝ իր Surematics ստարտափով, YCombinator-ի աքսելերացիոն ծրագրի շրջանավարտ է:

Itel.am-ի հետ զրույցում նա խոսել է Y Combinator-ում ստացած փորձի եւ գլոբալ շուկաներ դուրս գալու մասին:

Y Combinator-ի ծրագիրը ստիպում է քեզ աճել

Y Combinator-ը հիանալի փորձ էր: Թեեւ ծրագիրն ուղիղ իմաստով դռներ չի բացում քո առջեւ, փոխարենը, ինչն իմ կարծիքով, ավելի կարեւոր է, ստիպում է քեզ աճել:



Ծրագրի շրջանակում ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է այն բանի վրա, որ քո ընկերությունը տեղափոխես հաջորդ մակարդակի: Այնպես որ մասնակցությունն իմաստ ունի այն դեպքում, եթե ընկերությունը հնարավորություն ունի՝ շուկայում իր տեղը գտնելու եւ հավատարիմ հաճախորդներ ունենալու:

Y Combinator-ը քեզ հասցնում է այն կրիտիկական պահին, երբ վճռականություն կունենաս, դուրս կգաս, պրոդուկտ կստեղծես, կխոսես հաճախորդների հետ: Սա մեծ ինտենսիվությամբ իրականացվող պրոցես է, որը տեւում է ամբողջ 3 ամիս:

Անհավատալի է տեսնել, թե որքան բանի է հնարավոր հասնել այդ կարճ ժամանակահատվածում:

Սկզբում հաստատվե՛ք լոկալ մակարդակում

Հնարավոր է, որ աշխարհում ձեր համար ամենամեծ շուկան իրոք ամերիկյանն է: Դա նորմալ է, լավ է: Բայց կարող եք շատ բան սովորել լոկալ մակարդակում հաստատվելու արդյունքում:

Մինչեւ ամերիկյան շուկա մուտք գործելու որոշում կայացնելը՝ համոզված եղեք, որ ունեք վճարող հաճախորդներ եւ լոկալ մակարդակում հաստատված հիմք:

Կարեւոր է, որ լոկալ մակարդակում սկսեք ստեղծել ձեր հաճախորդների բազան, անգամ եթե դրանք ոչ կայուն հաճախորդներ են, որովհետեւ ձեր ընկերությունն ունի այդ մարդկանց կարիքը՝ մինչեւ ավելի մեծ շուկա նվաճել փորձելը: Սակայն, բնականաբար, այս ամենն անհատական է՝ յուրաքանչյուր ընկերության պարագայում:

Ի դեպ, Չինաստանը նույնքան մրցունակ շուկա է, որքան ԱՄՆ-ն, եւ շատ դեպքերում այնտեղ շատ ավելի բարդ է մուտք գործել:

Վաճառքների ամերիկացի մասնագե՛տ վարձեք

Եթե արդեն սկսել եք հաճախորդներ ներգրավելու գործընթացը եւ նախնական որոշ զարգացում արձանագրել, ապա վստա՛հ եղեք, որ ԱՄՆ-ում պրոդուկտ իրացնելը շատ ավելի բարդ է լինելու, քանի որ ամերիկացիները ֆանտաստիկ պրոֆեսիոնալ են վաճառքների հարցում:

Ամերիկյան շուկա մուտք գործել ցանկացող ստարտափներին իմ ամենամեծ խորհուրդն է՝ աշխատանքի ընդունել վաճառքների ամերիկացի մասնագետի:

Փիերս Ռիդյարդի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը