11:49 | 29.03.18 | Նորություններ | 6034

Facebook-ը հեշտացնում է անձնական տվյալների գաղտնիության կարգավորումը

Facebook-ը Cambridge Analytica-ի սկանդալի հետ կապված հայտարարել է, որ հեշտացնում է սոցցանցի կարգավորումներում անձնական գաղտնիության գործիքների որոնումը:

Ընկերությունը կարգավորումներ բաժնում ավելացնում է «Մուտք ձեր ինֆորմացիային» բաժինը, որտեղ հնարավոր է տեսնել, թե ինչ ինֆորմացիա եք տրամադրում սոցցանցին:

Facebook-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ բաժնի միջոցով հնարավոր կլինի կառավարել ձեզ պատկանող այն տեղեկատվությունը, որը Facebook-ն օգտագործում է: Օգտատերը կկարողանա արգելել որոնման համակարգերին ցույց տալ սոցցանցի իր էջը որոնման ընթացքում, ինչպես նաեւ հնարավորություն կունենա սահմանափակել գրառումների տեսանելիությունը:

Իրականում բոլոր այս գործառույթները հասանելի էին նաեւ անցյալում. Facebook-ն ընդամենը հեշտացրել է դրանք գտնելու գործընթացը:


Նույն բաժնից հնարավոր կլինի անջատել դեմքերի ճանաչման համակարգը, ստուգել, թե քանի հավելվածի համար է հասանելի ձեր օգտահաշիվը, դիտել եւ ջնջել տարածած գրառումները, հավանումները, օգտատիրոջ կողմից ուղարկված ընկերության առաջարկները եւ Facebook-ում որոնման պատմությունը:

Facebook-ը նաեւ հայտարարել է, որ փակում է Partner Categories գործառույթը, որը գործում էր 2013-ից եւ գովազդատուներին հնարավորություն էր տալիս սոցցանցում իրենց գովազդին համապատասխան օգտատերերին թիրախավորել:  
 
Հիշեցենք, որ այս ամիս Facebook-ը հայտնվեց սկանդալի կիզակետում, երբ պարզ դարձավ, որ 50 մլն-ից ավելի օգտատերերի հաշիվների արտահոսք է տեղի ունեցել: Ընկերությանն առնչվող ստուգումներ են նախաձեռնել ԱՄՆ-ի առեւտրի Դաշնային հանձնաժողովը, ԱՄՆ տարբեր նահանգների կարգավորող մարմինները եւ Եվրախորհրդարանը: