09:24 | 22.03.18 | Նորություններ | 6741

Ցուկերբերգը «խաչակրաց արշավանք» է սկսում հավելվածների դեմ

Facebook-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը մեկնաբանել է ընկերության շուրջ ծավալված սկանդալը:

Նախորդ շաբաթ մի քանի լրատվամիջոցներ հայտնեցին, որ Cambridge Analytica ընկերությունը կարողացել է «տիրանալ» Facebook-ի մոտ 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներին, եւ դրանք օգտագործվել են ԱՄՆ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ՝ հօգուտ Դոնալդ Թրամփի քարոզչություն ծավալելու համար:

«Մենք պատասխանատու ենք ձեր տվյալները պաշտպանելու համար եւ եթե չենք կարող դա անել՝ ուրեմն արժանի չենք ծառայելու ձեզ: Վերջին օրերին ես աշխատում էի, որպեսզի հստակ հասկանամ, թե ինչ է տեղի ունեցել եւ երաշխավորեմ, որ դա չի կրկնվի: Լավն այն է, որ առավել կարևոր քայլերը մենք արել էինք դեռ տարիներ առաջ: Բայց մենք էլ սխալներ ենք գործում, ուստի պետք է անել ավելին»,- ասել է Ցուկերբերգը:

Facebook-ում արված գրառման մեջ Մարկ Ցուկերբերգը հանգամանորեն ներկայացրել է իր ընկերության, Քեմբրիջի համալսարանի հետազոտող Ալեքսանդր Կագանի եւ վերջինիս հիմնած Cambridge Analytica ընկերության համագործակցության պատմությունը:

Նա հիշեցրել է, որ 2007 թվականին Facebook-ը սկսեց համագործակցել հավելվածների հետ, որոնք տարբեր աստիճանի հասանելիություն էին ստանում օգտատերերի տվյալներին:

Մարկ Ցուկերբերգը տեղեկացրել է, որ 2014 թվականին Facebook-ն էապես փոխեց պլատֆորմը, որի շնորհիվ շեշտակի կրճատվեց անձնական տվյալների ծավալը, որը կարող է հասանելի լինել հավելվածների համար: Չնայած դրան, գրել է Ցուկերբերգը, Ալեքսանդր Կագանը եւ Cambridge Analytica-ն օգտագործել են այն տվյալները, որոնք հավաքագրել էին ավելի վաղ:

Մարկ Ցուկերբերգը թվարկել է քայլերը, որոնք Facebook-ն անելու է՝ օգտատերերի անձնական տվյալները պաշտպանությունը ուժեղացնելու համար: Նախեւառաջ, Facebook-ը հետաքննելու է բոլոր այն հավելվածները, որոնք տվյալներ են հավաքագրել մինչեւ 2014 թվականը եւ խախտումներ բացահայտելու դեպքում դիմելու է խիստ միջոցների:
 
Facebook-ի հիմնադիրն ասել է, որ այսուհետ ցանկացած հավելված կկորցնի կապը ձեր անձնական տվյալների հետ, եթե հավելվածը չեք օգտագործվել վերջին երեք ամիսների ընթացքում:

Երրորդ քայլը կլինի այն, որ առաջիկա ամիսների ընթացքում յուրաքանչյուր օգտատեր իր նորությունների ժապավենում կտեսնի այն հավելվածների ցանկը, որոնք օգտագործում է եւ կկարողանա սահմանափակել իր տվյալների հասանելիությունը դրանց համար:

«Այս հնարավորությունն արդեն հասանելի է յուրաքանչյուր օգտատիրոջ գաղտնիության կարգավորումներում, սակայն մենք որոշել ենք ցուցադրել այն տեսանելի տեղում, որպեսզի համոզված լինենք, որ բոլորը դա տեսնում են»,- գրել է Մարկ Ցուկերբերգը: