ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ կառավարման արդյունավետության եւ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ամենաարդյունավետ ճանապարհը թվային տեխնոլոգիաների ներդրումն է:
Այս մասին նախագահը նշել է այսօր «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի եւ դրանից բխող 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ կայացած խորհրդակցության ժամանակ:
«Մենք՝ որպես պետություն, մոտ քսան տարի է այս խնդիրների մասին խոսում ենք, դրանով զբաղվում ենք, բայց երբեք չենք ունեցել որոշակի ծրագիր, ուստի, չենք ունեցել նաեւ կոնկրետ կառույց, որը պետք է պատասխանատվություն կրի, համակարգի եւ աշխատանքներն առաջ տանի: Կարծում եմ, որ «Թվային Հայաստան» հիմնադրամն այս խնդիրները պետք է լուծի: Արդեն ունենք նախնական ծրագիր, ունենք գաղափարներ, եւ լավ կլինի, որ այդ գաղափարները հիմնավոր քննարկենք, ունենանք ծրագիր, որը իրատեսական կլինի իր ժամկետներով, ծախսերով եւ այլն, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո հավաքվենք եւ տեսնենք, թե ինչ ենք կարողացել անել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա վստահություն է հայտնել, որ «ծախսերն ամբողջովին ծածկվելու են այն խնայողություններով, որ բերելու են այս ծառայությունները»:
«Անշուշտ, նաեւ ֆինանսավորման հասցեականությունն է բարձրանալու: Ընդհանրապես կյանքի որակի փոփոխման մեջ թվային համակարգերի ներդրումն էական դերակատարություն է ունենալու»,- ամփոփել է նախագահը: