17:29 | 14.03.18 | Նորություններ | 5812

Ներկայացվել է «Թվային Հայաստան» հիմնադրամի 2018թ. գործողությունների ծրագիրը

«Թվային Հայաստան» հիմնադրամն այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացրել է 2018թ. գործողությունների ծրագիրը:

Զեկուցվել է, որ տարվա ընթացքում պետական կառավարման համակարգում կշարունակվեն էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման միասնական պլատֆորմի, պետական կառավարման համակարգի միջեւ փոխգործելիության, վիճակագրական տվյալների էլեկտրոնային մուտքագրման, էլեկտրոնային անաշխատունակության թերթիկի, էլեկտրոնային ծննդյան վկայականների տրամադրման համակարգերի ներդրման աշխատանքները:

Նախատեսվում են նաեւ կրթության ոլորտի տեսչական գործառույթների թվայնացման համակարգերի, միասնական բողոքարկման «Թեժ գիծ» հարթակի եւ էլեկտրոնային այլ համակարգերի իրականացում:

Այս տարվա ընթացքում նախատեսվում է նաեւ Սննդի անվտանգության պետական ծառայության համակարգի համակցումը Trade.gov արտաքին առեւտրի ազգային «Մեկ պատուհան» հարթակին, որը հնարավորություն կտա էլեկտրոնային եղանակով 10-ից ավելի թույլատրող փաստաթղթերի  եւ դրանց 40 տարատեսակների տրամադրումը տնտեսվարողին իրականացնել ավելի կարճ ժամանակահատվածում:

Համակարգի պիլոտային գործարկումը նախատեսված է հուլիսին, իսկ լիարժեք շահագորրծումը՝ սեպտեմբերին:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այդ ծրագրերը կնպաստեն քաղաքացիներին, այդ թվում՝ բիզնես հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:     

«Թվային Հայաստան» հիմնադրամի տնօրեն Էդուարդ Ներսիսյանի հետ Itel.am-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: