16:13 | 07.03.18 | Նորություններ | 4924

Ամփոփվել են «Արմաթ»-ի գործունեության արդյունքները

Մարտի 6-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) անցկացրել է կլոր-սեղան քննարկում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սոցիալ-տնտեսական ազդեցության, ժամանակակից կրթական մոդելների, ներդրումների ներգրավման եւ հեռանկարների վերաբերյալ:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը խոսել է ինժեներական կրթության անհրաժեշտության եւ հրատապության մասին, որը արմատապես փոխում է կրթության որակը ու նպաստում տնտեսության, այդ թվում՝ ռազմարդյունաբերության զարգացմանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների շրջանավարտների 43%-ն աշխատանքի է ընդունվել կամ ստարտափ է հիմնել ՏՏ կամ տեխնիկական ոլորտում: Աշխատանք ունեցող կամ ստարտափ հիմնած պատանիների աշխատավարձերը տատանվում են 50–ից 300 հազ. դրամի սահմաններում՝ միջինում կազմելով 132 561 դրամ:



«Գրանթ Թորնթոն» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը ներկայացրել է ընկերության կողմից իրականացրած հետազոտության արդյունքները: Համաձայն որի՝ «Արմաթ» շրջանավարտների 84 %-ը ընդունվել է ԲՈւՀ, որից 82%-ը բնական գիտությունների, ՏՏ եւ տեխնիկական մասնագիտությունների գծով: Հարցվողների 39%-ը սովորելուն զուգընթաց նաեւ աշխատում է, 4%-ը՝ միայն աշխատում:

Աշխատանք ունեցողների 45%-ը ներգրավված են ծրագրավորման բնագավառում, 12%-ը հիմնել են ստարտափ, եւս 29%-ը ներգրավված են ՏՏ ոլորտի այլ աշխատանքներում, իսկ մնացածը կատարում են ինժեներական եւ տեխնիկական աշխատանքներ:

Ներկայում Հայաստանի եւ Արցախի դպրոցներում անվճար հիմունքներով գործում են 220-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ծրագրավորման եւ ռոբոտաշինության հիմունքներ են սովորում 5000-ից ավելի դպրոցականներ: ԻՏՁՄ-ն ծրագրել է «Արմաթ» լաբորատորիաներ հիմնել բոլոր դպրոցների համար, այդ իսկ նպատակով ներդրումների հնարավորություններ է փնտրում թե՛ Հայաստանում եւ թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Armath.am կայքում առկա է նաեւ նվիրատվությունների բաժին: