11:34 | 16.02.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 38648

Armenia Startup Academy-ի շրջանավարտները՝ Embry

Հայաստանի ամերիկյան համալսարանում փետրվարի 3-ին կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն առաջին շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում իրենց նախագծերն են ներկայացրել 11 թիմ:

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի առաջին շրջանավարտներին:

Embry

Embry-ն քաշի կառավարման նոր սերնդի կրելի սարք է, որն օգնում է պահպանել քաշը: Նախնական թիրախային լսարանը զբաղված կանայք են:

Նմանատիպ պրոդուկտներից ստարտափն առանձնանում է ճշգրտությամբ ու հարմարավետությամբ:

Embry-ի հիմնադիրներն են Սարգիս Կարապետյանը, Նարե Գեւորգյանը եւ Լիանա Ավետյանը: Թիմում կա 8 հոգի:

Ստարտափում նշել են, որ Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունն իրենց տվել է թիրախային շուկայի հստակեցում, հավանական ներդրողներ եւ կապեր, առաջիկա տարվա հստակ պլանավորում:

«Օգտագործե՛ք ամեն վայրկյանն ու հնարավորությունը ծրագրի հիմնադիրներին, խոսնակներին, ստարտափների օգնականներին ու մյուս ստարտափերներին «քամելու» համար: Պատրա՛ստ եղեք փոփոխությունների, քննադատությունների, ծավալուն աշխատանքի ու լավ մթնոլորտի: Բաց մի՛ թողեք երեկոյան դասերն ու օրվա մեջ որքան հնարավոր է շատ եղեք տեղում. նախ` շատ մոտիվացնող միջավայր կա, ապա` երբեք չես կարող գուշակել, թե ինչ է քեզ սպասվում այդ օրն ու ինչ հնարավորություններ են բացվելու»,- ծրագրին դիմել պատրաստվող ստարտափներին խորհուրդ են տալիս Embry-ում:

Առաջիկա մեկ տարում թիմը նախատեսվում է զբաղվել արտոնագրային իրավունքի գրանցմամբ, աքսելերացիոն ծրագրերին մասնակցությամբ: Embry-ն ծրագրում է նաեւ crowdfunding-ի փուլին անցնել:

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն  EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

Նարինե Դանեղյան