11:09 | 14.02.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 20682

Armenia Startup Academy-ի շրջանավարտները՝ Coach2All

Հայաստանի ամերիկյան համալսարանում փետրվարի 3-ին կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն առաջին շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում իրենց նախագծերն են ներկայացրել 11 թիմ:

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի առաջին շրջանավարտներին:

Coach2All

Coach2All-ը առցանց հարթակ է՝ տարբեր սպորտաձեւերով սիրողական զբաղվողներին մարզելու համար:

Ստարտափի հիմնադիրների խոսքով՝ համակարգի կարեւորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ոչ միայն մարզական ծրագիր է գեներացնում, այլեւ ժամ առ ժամ հետեւում է մարզիկի առաջընթացին եւ հարմարեցնում մարզումները նրա առօրյային, սահմանափակումներին եւ առանձնահատկություններին:

Թիմի հիմնադիրներն են Սաթենիկ Մնացականյանը, Էվելինա Խաչատրյանը, Համլետ Պետրոսյանը: Coach2All-ն ունի նաեւ երեք խորհրդատու` Վահագն Թուխարյան, Թամարա Միրոնովա, Դավիթ Հայրապետյան:  

Թիմում նշել են, որ առայժմ ամեն ինչ ստեղծում են սեփական ուժերով, բայց մոտ ապագայում պատրաստվում են մտածել թիմն ընդլայնելու մասին:

Coach2All-ի թիրախում են բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են վազքով, հեծանիվով եւ այլ ցիկլիկ սպորտաձեւերով: Շուտով ծրագրից կկարողանան օգտվել նաեւ տարբեր ֆիթնեսային եւ քաշի կորստի ծրագրերով հետաքրքրվողները:

«Մեզ համար բազմաթիվ հնարավորություններ եղան՝ յուրացնելու startup ստեղծելու գործընթացի նախնական փուլերը: Պատիվ ունեցանք շփվելու եւ սովորելու մարդկանցից, որոնք արդեն հաջողությամբ անցել են այդ ուղին»,- պատմել են թիմում Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցության մասին:

Թիմը նախատեսում է առաջիկա մեկ տարում ավարտին հասցնել ծրագրի ստեղծումը եւ այն հասանելի դարձնել օգտատերերին (մարզիկներին): Պլաններում են նաեւ կապերի հաստատումը սպորտային ոլորտում տարբեր գործընկերների հետ:

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

Նարինե Դանեղյան