16:27 | 02.10.17 | Նորություններ | 23135

Ռալֆ Յիրիկյանը բաց դաս է վարել ապագա առաջնորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նախօրեին «Առաջնորդության դպրոցի» հրավերով բաց դաս է անցկացրել:

«Երազել եւ իրականացնել» խորագրով բաց դասի շրջանակում անդրադառնալով առաջնորդ դառնալու համար անհրաժեշտ որակներին եւ ունակություններին՝Ռալֆ Յիրիկյանը նախ եւ առաջ կարեւորել է ինքնաճանաչողությունը:

«Սեփական բնավորության ու խառնվածքի ուժեղ եւ թույլ կողմերի հետ անկեղծ առերեսումն է, որ մարդուն դարձնում է մարդ, ու առավել եւս՝ առաջնորդ: Օբյեկտիվ մտածողության զարգացումը, ըստ իս, սկիզբ է առնում այստեղից», - նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Նա հորդորել է ներկաներին, որ առաջնորդ դառնալը չդարձնեն ինքնանպատակ.

«Դարձե՛ք մասնագետ, անընդհատ աշխատե՛ք ձեր հմտություններն ընդլայնելու ուղղությամբ, եւ առաջնորդ կդառնաք ինքնաբերաբար: Ձեր ձախողման եւ հաջողության բանալին բացառապես ձեր ձեռքերում է»:

«Վերհիշելով կյանքի իմ անցած ուղին՝ չեմ կարող չնշել հետեւյալը. ոչ այնքան համալսարանում ստացած կրթությունը, որքան հենց կյանքի ու աշխատանքային դժվարությունների հետ բախումն ու ձախողումներն են, որոնք առաջադրում են «ինչու՞ այսպես պատահեց» ու «ինչպե՞ս ելք գտնել» հարցերը, եւ պարտադրում մտածել: Այսպես է զարգանում վերլուծական միտքը, այսպես ենք մենք ճանաչում մեր հնարավորությունների սահմանները, ճանաչում կյանքի օրինաչափությունները, դառնում ինքնավստահ ու համարձակ»,- ընդգծել է Ռալֆ Յիրիկյանը:

Նա խոսել է նաեւ լավ առաջնորդի՝ թիմային խաղացող լինելու մասին:

«Չի կարող լինել ուժեղ առաջնորդ՝ առանց աջակիցների, առանց թիմի: Թիմային աշխատանքը՝ կորպորատիվ մշակույթի զարգացման կարեւոր պայման է», - նշել է Ռալֆ Յիրիկյանը: