Այսօր Երեւանում մեկնարկել է Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովը՝ ArmIGF 2017-ը:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կարեւորել է հատկապես կիբերանվտանգության խնդիրը՝ նշելով, որ այն կառավարության ուշադրության կենտրոնում է: Նախարարի խոսքով՝ հայեցակարգն արդեն մշակված է, սկսվել է ռազմավարության մշակումը, որը կներկայացվի մինչեւ տարեվերջ:
«2017թ. առաջին կիսամյակում ՏՀՏ ոլորտում արձանագրվել է 35 տոկոս աճ: Ինտերնետն այսօր մեր կյանքի մասնիկն է դարձել,եւ առանց հասարակության տարբեր շերտերի ներգրավման՝ հնարավոր չէ դրա կառավարումն իրականացնել»,- նշել է Վահան Մարտիրոսյանը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ ասել է, որ ինտերնետի խնդիրները հենց նրանով են յուրահատուկ, որ միջսահմանային են, եթե մի խնդիրը հանդիպում է երկրներից մեկում, ապա ուշ թե շուտ տարածվում է նաեւ մյուս երկրներում:
«Այդ խնդիրները լուծելու համար հարկավոր է համագործակցություն միջազգային մակարդակով: Երկրի ներսում եւս հնարավոր չէ խնդիրները լուծել, օրինակ, միայն պետական մեթոդներով: Միգուցե եւ հնարավոր է, բայց այդ դեպքում պետությունը դառնում է ռեպրեսիվ մեքենա: Բարեբախտաբար, Հայաստանում ինտերնետի խնդիրները չեն լուծվում այն մեթոդներով, ինչպես մի շարք երկրներում, որտեղ պետությունը փորձում է դրանք մենաշնորհային ձեւով լուծել: Հայաստանում հիմնական խնդիրները մի կողմից՝ ընդհանուր հանրային անգրագիտության հետ են կապված: Բնակչության մեծ մասը տեղյակ չէ այն խնդիրներին, որոնց կարող է հանդիպել ինտերնետից օգտվելիս՝ սկսած երեխաներին առնչվող խնդիրներից մինչեւ կիբերանվտանգության խնդիրներ: Մյուս հարցը օրենսդրությունն է, որովհետեւ ինտերնետն աճում է շատ արագ, եւ մեր օրենսդրությունը, կարծում եմ, չի հասցնում այդ ամենի հետեւից»,- նշել է Սամվել Մարտիրոսյանը:
Փորձագետի խոսքով՝ հայ օգտատերերի հիմնական խնդիր գրագիտության պակասն է:
«Ադրբեջանցիները մեկ ամսում կարողացան մի քանի հազար օգտատիրոջ հաշիվ կոտրել, եւ հաշվի առնելով, որ նրանք լուրջ մեթոդներ չեն կիրառել, դա վատ ցուցանիշ է: Սա խոսում է այն մասին, որ մարդիկ նվազագույն բազային գիտելիքներ չունեն ինտերնետից օգտվելիս, ինչը նաեւ պետության խնդիր է. եթե դու ունես մեծ թվով մարդիկ, որոնց կարելի է հեշտությամբ կոտրել եւ ապատեղեկատվություն տարածել, ապա դա դառնում է բավական լուրջ հարց»,- ընդգծել է Սամվել Մարտիրոսյանը:
ArmIGF 2017-ը կազմակերպվում է «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աջակցությամբ: