10:21 | 23.08.17 | Նորություններ | 18136

PicsArt-ը գործարկել է iMessage հավելված սթիքերների համար

PicsArt-ը ներկայացրել է նոր գործառույթ, ինչն iMessage օգտատերերին հնարավորություն կտա ընկերների հետ շփման համար օգտագործել PicsArt-ի 2 մլն սթիքերները:

«Այս ծառայությունը iMessage-ի եւ PicsArt օգտատերերի շփումն ավելի ստեղծարար ու բովանդակալից է դարձնում։ Օգտագործելով PicsArt-ի 3 հազարից ավելի խմբագրման գործիքները, ֆիլտրերը, արհեստական ինտելեկտի կախարդական էֆեկտները, տեքստերն ու տառատեսակները՝ PicsArt-ի օգտատերերը ստեղծել են սթիքերներ ցանկացած զգացմունք արտահայտելու համար: Ի դեպ, PicsArt հավելվածում օգտատերերի կողմից ամեն օր հազարավոր նոր սթիքերներ են ստեղծվում: Այժմ iMessage-ի ցանկացած օգտատեր կարող է օգտվել PicsArt-ում առկա սթիքերներից՝ իր զգացմունքները կամ տրամադրությունը փոխանցելու համար։ Իսկ եթե համապատասխան պատկեր չգտնվի, կարելի է ինքնուրույն հեշտությամբ ստեղծել ցանկացած սթիքեր»,- ասված է PicsArt-ի տարածած հաղորդագրությունում:   

PicsArt-ի iMessage հավելվածն օգտագործելու անհրաժեշտ է՝

- ներբեռնել PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը iOS-ի համար,

- բացել iMessage՝ նոր հաղորդագրություն գրելու համար, սեղմել ձախ կողմի սլաքը,

- սեղմել App Store iMessage, ապա՝ ձախից ներքեւում գտնվող չորս կետիկը,

- նշել PicsArt հավելվածը եւ փնտրել սթիքերներ կամ ստեղծել սեփական անձնական սթիքերը,

- սթիքերն ընտրելուց հետո տեղափոխել այն հաղորդագրության (chat) մեջ:

Բացի iMessage-ից, PicsArt սթիքերներով հնարավոր է կիսվել նաեւ բոլոր սոցիալական ցանցերում, այդ թվում WhatsApp-ում, Facebook Messenger-ում, Instagram-ում, Facebook-ում եւ Twitter-ում:

«PicsArt-ում սթիքերների ստեղծման աճի տեմպերը հսկայական են: Այժմ մենք ունենք օգտատերերի կողմից ստեղծված 2 միլիոն սթիքեր եւ ավելի քան 10 միլիոն ազատ օգտագործման համար հասանելի (free-to-edit) լուսանկարներ, ինչի շնորհիվ PicsArt-ը դարձել է աշխարհի ամենամեծ free-to-edit շտեմարաններից մեկը», - նշել է PicsArt-ի պրոդուկտների համար պատասխանատու փոխնախագահ Արգամ ԴերՀարությունյանը: