13:13 | 03.05.17 | Նորություններ | 16541
«Ռոբոտաշինությունը եւ ծրագրավորումը ոչ միայն ինձ հետաքրքիր են, այլեւ կիրառելի են կյանքի բոլոր բնագավառներում»,- պատմում է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սան Ադամ Ալիբեկյանը խմբակի աջակից՝ Ucom ընկերության եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներին:
Սահմանամերձ Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում ինժեներական եւ ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող սաները հիմնականում 6-7-րդ դասարանների աշակերտներ են, ովքեր փորձում են հանրահաշվի, երկրաչափության եւ ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել: Երեխաներն ինքնուրույն փորձում են ոչ միայն համակարգչի օգնությամբ մոդելավորել, այլեւ տպել տարբեր առարկաներ, խաղեր ծրագրավորել, անիմացիաներ ստեղծել:
Խմբակը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն տղաների, այլեւ աղջիկների շրջանում:
«Ընդամենը մեկ տարի է, ինչ հաճախում եմ այս խմբակը, եւ արդեն սովորել եմ աշխատել «Աղվես» ծրագրով ու բազմաթիվ խաղեր եմ գրել», - ասում է նույն լաբորատորիայի սան Իրինա Նասիբյանը:
«Ճիշտ է, ցանկանում եմ դառնալ բժիշկ, սակայն այստեղ սերտած գիտելիքներն ինձ ապագայում շատ պետք կգան: Հիմնականում խաղեր ենք ծրագրավորում, իսկ այս պահին նույնիսկ մրցութային առաջադրանք ենք ստացել Ղազարոս Աղայանի «Երջանիկ խրճիթն» անիմացնելու համար», - պատմում է Ոսկեպարի «Արմաթ» լաբորատորիայի սան Տիգրան Աղբալյանը:
«Մեր ընկերությունը կարեւորում է մարզերում եւ մասնավորապես սահմանամերձ գյուղերում երեխաների ներգրավվածությունը «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի կրթական նախագծերում: Այստեղ սովորող երեխաների սակավությունը թույլ է տալիս ընտրել լավագույններից լավագույններին ու ստանալ այնպիսի արդյունք, որը կարող է կիրառելի դառնալ ռազմաարդյունաբերության մեջ», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
ԻՏՁՄ-ի եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անձամբ պարբերաբար այցելում է արդեն իսկ գործող «Արմաթ» խմբակներ, շփվում դպրոցականների հետ, ծանոթանում նրանց ձեռքբերումներին ու առաջադիմությանը:
«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաեւ սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։