14:46 | 26.04.17 | Նորություններ | 3004
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է վաճառակետերում բջջային կապի լիցքավորման քարտերի գնի բարձրացման վերաբերյալ բողոքները:
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ բջջային կապի ոլորտում գործող երեք ընկերությունները՝ «Յուքոմ»-ը, ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը եւ «ԱրմենՏել»-ը, վերալիցքավորման քարտերի վաճառքը հիմնականում կազմակերպում են միջնորդների միջոցով, որոնք էլ իրենց հերթին վերավաճառում են քարտերը՝ ստանալով որոշակի միջնորդավճարներ:
Կապի օպերատորները ՏՄՊՊՀ-ին տեղեկացրել են, որ տարեսկզբից նվազեցրել են լիցքավորման քարտերի վերավաճառքով զբաղվողների միջնորդավճարները: Ընկերություններն այս քայլը մեկնաբանում են իրենց մարքետինգային քաղաքականությամբ, ըստ որի, որոշակի բիզնես ռիսկերով պայմանավորված՝ առաջացել է ծախսերը նվազեցնելու անհրաժեշտություն: Այսպես, ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի դեպքում միջնորդավճարի նվազումը կազմում է մոտ 2,5%, «Յուքոմ»-ի դեպքում՝ մոտ 3%, իսկ «ԱրմենՏել»-ի պարագայում՝ մոտ 2%:
ՏՄՊՊՀ-ն նաեւ ուսումնասիրել է, թե օպերատորներն ինչ այլընտրանքային տարբերակներ են առաջարկում, որպեսզի սպառողները կարողանան քարտեր գնել դրանց անվանական արժեքին համապատասխան՝ առանց հավելյալ գումարի:
«Պարզվել է, որ բոլոր օպերատորների պարագայում կարելի է խնդիրը համարել կարգավորված, քանի որ թե՛ գրասենյակային ցանցի, թե՛ օնլայն տարբերակով եւ թե՛ վճարային համակարգերի միջոցով հնարավոր է ձեռք բերել լիցքավորման քարտ՝ առանց հավելյալ գումարի՝ 500 դրամ լիցքավորելու դեպքում վճարելով 500, 1000-ի դեպքում՝ 1000 դրամ եւ այլն»,- ասված է հաղորդագրությունում:
Հանձնաժողովը եզրակացրել է, որ խնդիրն առաջացել է լիցքավորման քարտերի վաճառքի երկրորդային շուկայում միայն: Բջջային կապի օպերատորները, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնել հնարավորության սահմաններում վերահսկելու դաշտը եւ անգամ խզելու պայմանագրերն այն միջնորդների հետ, որոնք քարտերը կվերավաճառեն անվանական արժեքից բարձր գնով:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը օպերատորներին հորդորել է լինել առավել հետեւողական խնդրի վերջնական կարգավորման հարցում եւ հնարավորինս կանխել իրենց ծառայությունների գնի բարձրացումը երկրորդային շուկայում: