10:48 | 26.04.17 | Նորություններ | exclusive 4002

Հայաստանում հասանելի են դարձել Viber-ի բիզնես լուծումները

Viber ընկերությունը, 2016-ից սկսած, բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է մարքեթինգային լուծումներ, մասնավորապես՝ կոմերցիոն հաղորդագրությունների ուղարկման, գովազդային բաներային հարթակների տեղադրման, ինչպես նաեւ կորպորատիվ հաշվի բացման ծառայությունները։

Հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչներին պաշտոնական կապուղիով Viber հաղորդագրությունները եւ գովազդային այլ հարթակները հասանելի են դարձել 2017թ. մարտից՝ «Սպրինտ Կենտրոն» ընկերության շնորհիվ:

Խոսելով բիզնեսին առաջարկվող նոր ծառայությունների եւ հնարավորությունների մասին՝ «Սպրինտ Կենտրոն» ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Կարճիկյանը Itel.am-ին ասել է.

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք Հայաստանում գործող կազմակերպություններին առաջարկել բջջային մարքեթինգի նոր եւ արդյունավետ գործիքներ: Այսուհետ մեր գործընկերները կկարողանան ծանուցել կամ գովազդել իրենց պրոդուկտներն ու ծառայությունները՝ առկա կամ պոտենցիալ հաճախորդներին Հայաստանում եւ արտերկրում ուղարկելով մեծաքանակ սիմվոլներով հաղորդագրություններ, որոնք թույլ են տալիս հաղորդագրության հետ միասին ուղարկել նաեւ նկար, ցանկացած հղում՝ դարձնելով առաջարկն էլ ավելի տպավորիչ եւ արդյունավետ, իսկ ծառայության մատուցումից հետո ստանալ մանրամասն հաշվետվություն։ Անհրաժեշտության դեպքում մենք նաեւ կազմակերպություն-բաժանորդ երկկողմանի հաղորդակցության (2Way communication) հնարավորություն ենք տալիս»:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այսօր Viber ծանուցումները հարմարավետ լուծում են մեկ հպումով այնպիսի օնլայն գործողությունների համար, ինչպիսիք են՝ գովազդային ծանուցումները, oնլայն վճարումները, հավելվածների բեռնումը, օնլայն գրանցումները, հարցումները եւ այլն:

Viber-ը կարեւորում է իր օգտատերերի իրավունքները, եւ ընկերության առաջնային ուղղություններից է հավելվածի միջոցով ուղարկվող տեղեկատվության վերահսկումը. խոսքը շուկայում առկա ոչ պաշտոնական եւ կասկածելի ծագում ունեցող հաղորդագրությունների մասին է, որոնք ոչ միայն չեն ապահովում վերոնշյալ առավելությունները, այլեւ չեն երաշխավորում ուղարկված հաղորդագրությունների ստացումը եւ ամբողջական որակը՝ վնասելով տվյալ կազմակերպության հեղինակությունը։

Հաղորդագրությունների ուղարկման ծառայություններից բացի, «Սպրինտ Կենտրոնը» հնարավորություն է տալիս օգտվել Viber-ի բջջային եւ համակարգչային տարբերակների գովազդային հարթակներից։

«Սպրինտ Կենտրոնը» հիմնադրվել է 2009թ. եւ հայաստանյան բիզնես ներկայացուցիչներին հայտնի է իր էլեկտրոնային մարքեթինգի ծառայություններով եւ նախագծերով՝ YerevanEvents, ShopCenter եւ այլն։