Երեկ երեկոյան Google-ը Սան Ֆրանցիսկոյում կայացած  Made by Google միջոցառման ժամանակ ներկայացրել է իր նորությունները։

Itel.am-ը հետեւել է միջոցառմանը եւ ներկայացնում է կարեւոր հայտարարությունների հնգյակը։


Pixel սմարթֆոնը

Նրանք երկուսն են՝ 5-դյումանոց Pixel եւ 5.5 դյումանոց Pixel XL։ Pixel-ն առաջին սմարթֆոնն է, որտեղ արհեստական բանականությամբ աշխատող Google Assistant-ը ներկառուցված է։ Վերջինս հասկանում է մարդկային խոսքը, կարող է պատասխանել հարցերի եւ օգնել տեղեկատվություն գտնելու հարցում։

Pixel անունը կփոխարինի ընկերության Nexus հեռախոսների բրենդին, որը ընկերությունն օգտագործում էր 2010-ից։ Կանխատեսվում է, որ նոր սմարթֆոնը կարող է լուրջ մրցակից դառնալ iPhone 7-ի եւ Galaxy S7-ի համար։ Կլինի այդպես թե ոչ՝ ցույց կտա վաճառքների վիճակագրությունը։

Սմարթֆոնն ունի 12 մեգապիքսել որակյալ տեսախցիկ։


Հեռախոսի մարտկոցը 15 րոպեում լիցքավորվում է 7 ժամվա համար։ Հեռախոսը ձեռքբերողները Google-ից կստանան լուսանկարները եւ տեսանյութերն ամպերում (Google Photos) պահելու անսահմանափակ տարածք։


Հեռախոսը հասանելի կլինի երեք գույնով՝ «բավական սեւ», «շատ արծաթագույն» եւ «ռեալ կապույտ»։ Մեկնարկային գինը ԱՄՆ-ում՝ $649։

Վիրտուալ իրականությունը՝ Daydream View-ով

Pixel-ն առաջին սմարթֆոնն է պատմության մեջ, որը կիրառելի է վիրտուալ իրականության սաղավարտով՝ Daydream View։



Սաղավարտն ունի կտորե ծածկ, քանի որ այն մշակելիս մասնագետներին ոգեւորել են ոչ թե գաջեթները, այլ ինչպես իրենք են պնդում՝ «այն, ինչ  հագնում են մարդիկ»։

photo © Dan Ackerman


Daydream View-ն կարելի է օգտագործել Play Movies-ից, Google Photo-ից եւ YouTube-ից օգտվելիս՝ վիրտուալ իրականությունում ֆիլմեր եւ լուսանկարներ դիտելու համար։  Սաղավարտը վաճառքում կհայտնվի նոյեմբերին եւ կարժենա $79:

Google WiFi-ը

Ներկայացված ռոուտերը կկառավարվի հատուկ հավելվածի միջոցով, որը հնարավորություն կտա տարածքում կառավարել ինտերնետ կապը։ Այն վաճառքում կհայտնվի նոյեմբերին։ Մեկ ռոուտերը կարժենա $129, իսկ երեքհատանոց հավաքածու գնելու դեպքում պետք է վճարել $299։

Խելացի Google Home-ը

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաեւ Google Home-ը, որը հնարավորություն է տալիս կառավարել «խելացի տունը» (smart home), լսել երաժշտություն եւ ստանալ տեղեկատվություն ինտերնետից։



Նախնական պատվերներ կարելի է անել արդեն այսօրվանից, սակայն դեռ միայն ԱՄՆ-ում։ $129 արժողությամբ համակարգը վաճառքի կհանվի նոյեմբերի 4-ին։

Chromecast Ultra-ն

Վիդեո հեռարձակման Chromecast սարքի նոր տարբերակը կարող է հեռարձակել ուլտրա HD որակի (4K)  վիդեոներ։ Chromecast Ultra-ն արժե $69, իսկ վաճառքը կմեկնարկի սեպտեմբերին։ Ի դեպ, Google-ը հավաստիացնում է, որ նոր Chromecast-ը նախորդից կրկնակի արագ է աշխատում։

Նարինե Դանեղյան