15:04 | 04.10.16 | Նորություններ | 14687
Հոկտեմբերի 3-ից 4-ը Երեւանում կայացել է Ցանցային օպերատորների եվրասիական խմբի (ENOG) թվով տասներկուերորդ ամենամյա RIPE NCC տարածաշրջանային համաժողովը:
«Որպես ENOG / RIPE NCC տարածաշրջանային համաժողովի պլատինե հովանավոր՝ ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել առաջատար միջազգային եւ տարածաշրջանային փորձագետներին, ցանցային օպերատորներին, ծառայություններ մատուցողներին, ինտերնետ-հանրության ներկայացուցիչներին, մի խոսքով՝ մեր բոլոր գործընկերներին։ Այստեղ փորձի փոխանակման, ինտերնետ-համայնքի թե՛ տարածաշրջանային, եւ թե՛ միջազգային մակարդակի կարեւորագույն խնդիրների քննարկման համար փայլուն հնարավորություն է ստեղծված։ Քննարկման առանցքային թեմաներից մի քանիսը վերաբերում են նախեւառաջ ազատ եւ անվտանգ մուտքին դեպի համացանց»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Քննարկման երկու օրերի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են մի շարք կարեւոր թեմաների. ինչն է հնարավոր դարձնում DDoS-հարձակումները եւ ինչպես պայքարել դրանց դեմ; անցումը դեպի ինտերնետ պրոտոկոլի 6-րդ տարբերակ՝ IPv6 եւ այլն:
«Այս համաժողովը մինչ այդ տեղի է ունեցել տարածաշրջանի բազմաթիվ երկրներում, որոնցից են Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, իսկ այժմ նաեւ՝ Հայաստանը: Հանդիպման սրահում հավաքվել են ոլորտի 200 գիտակներ, ովքեր ունակ են գործնական քայլեր առաջարկել իրական բարեփոխումների համար»,- ասել է RIPE NCC համաժողովի հանրային կապերի պատասխանատու՝ Սերժ Ռադովչիչը:
Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ տրասպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը եւ ամերիկյան ինտերնետի ռահվիրա, մի շարք RFC-ների (Request for Comments) ու Unix ծրագրային ապահովման մի քանի համակարգերի հեղինակ Փոլ Վիքսին: