12:43 | 28.09.16 | Նորություններ | 9290

Գործարկվել է «ABBYY մոնիտորինգ» հարթակը

ABBYY ընկերությունը գործարկել է դպրոցներում կրթության մոնիտորինգ իրականացնող «ABBYY մոնիտորինգ» տեխնոլոգիական հարթակը՝ ներդնելով ավելի քան 100 մլն ռուբլի ($1.5 մլն):

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ օնլայն ծառայությունը հետաքրքիր կլինի կրթության որակի գնահատման պետական կենտրոնների համար, որոնք տարեկան մինչեւ 2 մլրդ ռուբլի են ուղղում թեստավորման գործընթացին:

«ABBYY Ռուսաստանի» կրթական ծրագրերի տնօրեն Ալեքսեյ Կալինինի խոսքով՝ մոնիտորինգի հարթակն աշխատում է հետեւյալ կերպ.

«Ուսուցիչները մուտք են գործում վեբ պորտալ, ընտրում են անհրաժեշտ ստուգողական աշխատանքը, այն ուղարկում են տպելու եւ բաժանում աշակերտներին: Հետո երեխաներից հավաքում են աշխատանքները եւ սքանավորում: Երեխաների պատասխաններն ավտոմատ ճանաչվում են, որոշ դեպքերում փորձագետները դրանք ստուգում են ավտոմատ եւ գնահատականները մուտքագրում համակարգում: Այդպիսով համակարգն ավտոմատ ձեւավորում է լիարժեք վերլուծական հաշվետվություն»:

Հարթակն արդեն ունի պատրաստի ստուգողական չափիչ նյութեր եւ թույլ է տալիս ներբեռնել նորերը: Արդյունքների մշակումը կատարվում է միջինը 3 օրվա ընթացքում:

«Մասնագետի նպատակն է, օրինակ, պարզել, թե ինչպես են աշակերտները յուրացրել ֆիզիկայի դասերը: Նրանք ստանում են արդյունքները եւ կարող են ուղղումներ կատարել կրթական ծրագրում՝ ավելացնելով այն, ինչ պակասում է ծրագրին: Հնարավոր է՝ պարզվի, որ հարկավոր է անհատական ծրագիր դասարանի կամ կոնկրետ երեխայի համար, կամ որ պետք է աշխատել ուսուցչի հետ»,- ասել է Ալեքսեյ Կալինինը:  

Կրթության զարգացման դաշնային թիրախային ծրագրի համաձայն՝ մինչեւ 2020թ. ՌԴ-ում պետք է ներդրված լինի բոլոր մակարդակներում կթրության որակի մոնիտորինգի համակարգը: