13:18 | 11.08.16 | Նորություններ | 10670

Beeline -ի գլխավոր տնօրենն արձագանքել է բաժանորդի հումորային քննադատությանը

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ի պատասխան բաժանորդներից մեկի պատրաստած տեսանյութի, որտեղ վերջինս, զանգահարելով Beeline-ի զանգերի կենտրոն եւ 20 րոպե անց միայն ստանալով պատասխան, օպերատորին առաջարկում է հիմա էլ սպասել բաժանորդի պատասխանին:

Անդրեյ Պյատախինը զանգահարել է տեսանյութի հեղինակին եւ պարզաբանել օպերատորի կողմից զանգերին ուշ պատասխանելու պատճառը:



«Վերջին օրերին տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք կապված էին Hi-line բաժանորդների միգրացիայի հետ դեպի նոր պլատֆորմ, որոշ բաժանորդների մոտ ինտերնետի հետ կապված խնդիրներ են ծագել, ինչի պատճառով ավելի շատ բաժանորդներ են սկսել զանգահարել սպասարկման կենտրոն: Իրավիճակն ավելի է վատացել՝ կապված ամեն ամսվա սկզբին հաշիվների տրամադրման հարցումների ավելացման հետ: Մեր բաժանորդներից մեկը կրեատիվ տեսանյութ է ստեղծել, որտեղ կատակի ձեւով խնդրել է օպերատորներին սպասել բաժանորդի պատասխանին: Մենք Beeline-ում գնահատել ենք այդ ոչ ստանդարտ մոտեցումը եւ նման ձեւով արձագանքել»,- պարզաբանել է Անդրեյ Պյատախինը:

Beeline-ի գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ իր այս ուղերձը կհասնի ընկերության բոլոր բաժանորդներին:

Անդրեյ Պյատախինը Beeline-ի անունից ներողություն է խնդրել բոլոր բաժանորդներից, որոնք ինտերնետի հետ կապված տեխնիկական խնդիրներ են ունեցել եւ վերջին օրերին ստիպված են եղել զանգահարել զանգերի կենտրոն: Նա նշել է, որ դա արվել է հաճախորդներին ավելի հեշտ եւ հարմար ծառայություններ մատուցելու համար:

«Մենք լի ենք սկսած գործը ավարտին հասցնելու վճռականությամբ եւ միշտ պատրաստ ենք լսել բաժանորդների կառուցողական քննադատությունը եւ ցանկությունները՝ կապված մեր ծառայության բարելավման հետ»,- ասել է Beeline-ի գլխավոր տնօրենը:

Նա հիշեցրել է, որ զանգերի կենտրոնից բացի, Beeline-ի օպերատորներն աշխատում են Facebook-ում, ինչպես նաեւ պաշտոնական կայքում՝ տրամադրելով արագ օնլայն խորհրդատվություն: