Ռուբեն Վարդանյանը
11:11 | 14.07.16 | Նորություններ | exclusive 6338
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միությունը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Itel.am-ի խնդրանքով մեկնաբանել են Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկման մասին:
Խոսելով հիմնադրամի մասին` Ռուբեն Վարդանյանը, մասնավորապես, ասել էր.
«Խոսքը պետք է գնա յուրատեսակ «լայն կոալիցիայի» մասին, որի մասնակիցները կլինեն կրթական կազմակերպությունները, առաջատար ՏՏ-ընկերությունները եւ մասնագիտական միավորումները, կապի օպերատորները»:
ՁԻՀ-ում նշել են, որ բարձր են գնահատում ՀՀ-ում տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն:
«ՁԻՀ-ը սերտորեն համագործակցում է ՀՀ-ում գործող ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցող բոլոր կազմակերպությունների, միավորումների եւ միությունների հետ: Եվ հիմա նույնպես հնարավոր տարբերակների դեպքում ուրախությամբ պատրաստ ենք համագործակցել FAST-ի նախաձեռնության շրջանակում: Հաշվի առնելով նախաձեռնության հեղինակների Հայաստանում բազմաբնույթ ծրագրեր իրականացնելու արդյունավետ փորձը՝ վստահ ենք, որ այս ծրագիրը եւս մեծ հաջողություն կունենա Հայաստանում եւ կնպաստի ՀՀ ՏՏ ոլորտի զարգացմանը»,- Itel.am-ի հարցմանն ի պատասխան նշել են ՁԻՀ-ում:
ՏՀՏ գործատուների միությունում եւս ողջունել են Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունը.
«Միությունը բարձր է գնահատում տեխնոլոգիական նորարարությունների համար նպաստավոր միջավայրի ձեւավորմանն ու գիտական ու ֆինանսական ներուժի մոբիլիզացմանն ուղղված նախաձեռնություները եւ իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցելու նորաստեղծ գիտատեխնիկական հիմնադրամի հետ»:
ՏՀՏ գործատուների միությունը հիշեցրել է, որ իրենք մի շարք հանրակրթական դպրոցներում իրականացնում են ՏՀՏ առարկաների խորացված ուսուցման ծրագիրը։
«Միության ուշադրության կենտրոնում է նաեւ երկրի ռազմաարդյունաբերական եւ կիբերանվտանգության համակարգերի արդիականացումը»,- նշել են ՏՀՏ գործատուների միությունում:
ԻՏՁՄ-ում եւս դրական են գնահատել հիմնադրամի ստեղծման գաղափարը՝ խոստանալով մեկնաբանությամբ հանդես գալ մոտ ապագայում: