Թարմացվել է Velopark մոբայլ հավելվածը, որը հնարավորություն է տալիս քարտեզի վրա գտնել հեծանվորդին ամենամոտ հեծանվային կայանատեղիները, սպասարկման եւ վարձակալության կետերը, խանութները:
Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է Velopark-ը մշակող «Ափարգ» ընկերության համահիմնադիր Արսեն Փյուսկյուլյանը:
«Այսուհետ հավելվածի միջոցով, բացի գործող հնարավորություններից, հնարավոր կլինի նաեւ հիշել հեծանիվի տեղակայման վայրը Lock/Unlock կոճակի միջոցով եւ ցանկության դեպքում գտնել այն՝ «Գնալ դեպի իմ հեծանիվ» կոճակի միջոցով»,- նշել է նա:
Արսեն Փյուսկյուլյանի խոսքով` այն բանից հետո, երբ հավելվածը տարածվեց նաեւ Հայաստանի սահմաններից դուրս՝ սկսեցին կետեր ավելանալ Գերմանիայում, ինչի արդյունքում թիմը որոշեց համապատասխանեցնել հավելվածը նաեւ այլ երկրների պահանջներին:
«Քանի որ եվրոպական երկրներում հեծանիվներով ճանապարհորդելը բավականին ընդունված է, մենք որոշեցինք ավելացնել հավելվածում այնպիսի գործառույթ, որը կօգնի մտապահել կայանած հեծանիվի վայրը»,- ասել է նա:
«Հայտնվելով անծանոթ վայրում՝ երբեմն շատ դժվար է կողմնորոշվել: Այս առումով մենք փորձել ենք օգնել հեծանվորդներին: Նոր գործառույթը հնարավորություն է տալիս ամրագրել քարտեզի վրա հեծանիվի տեղը՝ «կողպելով» այն կայանատեղիում կամ ցանկացած այլ կետում: Այսպիսով՝ հեծանվորդներն այլեւս կարիք չունեն անհանգստանալ, որ կկանգնեցնեն հեծանիվը մի վայրում, իսկ որոշ ժամանակ անց չեն կարողանա գտնել այն: Այս գործառույթը հատկապես շատ կօգտագործվի Հայաստանից դուրս, որտեղ հեծանիվը դիտվում է իբրեւ փոխադրամիջոց, իսկ հեծանիվի կայանատեղիները չափից շատ են եւ մեծ»,- բացատրել է Արսեն Փյուսկյուլյանը:
Նա նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ հեծանիվ վարելը Հայաստանում դեռեւս կենսակերպ չէ, եւ հեծանվորդներն էլ այդքան շատ չեն, հավելվածն այս պահին գրանցել է 400-ից ավելի բեռնում:
Հետագայում նախատեսվում է ավելացնել նաեւ մրցութային բաղադրիչ, օգնության SOS կոճակ, ինչպես նաեւ event-ների կազմակերպման հնարավորություն:
Velopark-ը հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում: Հավելվածի մասին մեր նախորդ անդրադարձը՝ այստեղ:
Նարինե Դանեղյան