07:18 | 13.07.16 | Նորություններ | 3273

Դավիթ Յանի Findo-ն ստացել է $4 մլն-ի նոր ներդրում

ABBYY-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր, ձեռնարկատեր Դավիթ Յանի Findo որոնման համակարգը ներգրավել է $4 մլն-ի նոր ներդրում, որը կուղղվի համակարգի տեխնոլոգիական զարգացմանը:

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, ընդհանուր գումարից $3 մլն-ը ներդրել է Flint Capital միջազգային վենչուրային հիմնադրամը:

Պարբերականի տեղեկություններով, Findo-ի թիմը գործարկել է Predictive Insights նոր տեխնոլոգիան, որի շնորհիվ օգնականն ավտոմատ կերպով ծանուցում կուղարկի օգտատերերին այն մասին, որ էլփոստում կան չկարդացված նամակներ:

Ի տարբերություն որոնողական այլ համակարգերի՝ Findo-ն կարողանում է տեղեկատվություն փնտրել ամպային պահոցներում, սոցցանցերում եւ օգտատերերի սարքավորումներում (համակարգիչներ, սմարթֆոններ): 

Մասնավորապես, համակարգը կարող է որոնում կատարել Gmail-ում, Evernote-ում, Google Drive-ում, Dropbox-ում, Outlook-ում, Yahoo Mail-ում եւ Exchange-ում:

Findo-ն ունակ է նաեւ հարցումներ մշակել մարդկային լեզվով, օրինակ՝ «Գտիր դեկտեմբերին պատրաստված պրեզենտացիան» հրահանգը լսելով՝ համակարգը կորոնի ձեր համակարգում նշված չափանիշներին համապատասխանող ֆայլը:

Ընկերության մշակած բոտը կարողանում է որոնել փաստաթղթեր Slack-ում, Telegram-ում, Facebook Messenger-ում եւ Skype-ում:

Տարեսկզբին ձեռներեցներ Դավիթ Յանի եւ Գարի Ֆաուլերի կողմից գործարկված Findo-ն հունիսին ABBYY ընկերությունից ստացել էր $3 մլն ներդրում:

ԱՄՆ-ում Findo-ի պոտենցիալ շուկան այս պահին գնահատվում է 300 մլն օգտատեր:
Ըստ կանխատեսումների՝ մինչեւ 2021թ. այդ թիվը կարող է հասնել մինչեւ 2 մլրդ-ի: