10:27 | 12.07.16 | Նորություններ | exclusive 8678

Ucom-ում մեկնաբանել են FAST հիմնադրամի ստեղծումը

Ucom ընկերությունը Itel.am-ի խնդրանքով մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկման մասին: 

Խոսելով հիմնադրամի մասին, Ռուբեն Վարդանյանը, մասնավորապես, ասել էր.

«Խոսքը պետք է գնա յուրատեսակ «լայն կոալիցիայի» մասին, որի մասնակիցները կլինեն կրթական կազմակերպությունները, առաջատար ՏՏ-ընկերությունները եւ մասնագիտական միավորումները, կապի օպերատորները»:

Ucom-ում նշել են, որ բաց են քննարկումների համար՝ համագործակցության եզրեր գտնելու նպատակով:

«Հաշվի առնելով, որ մենք խիստ կարեւորում ենք ՏՏ ոլորտում իրականացվող կրթական նախագծերը, վստահ ենք, որ քննարկումների արդյունքում միասին կարող ենք հանգել օգտակար մտքերի ու գաղափարների»,- Itel.am-ի հարցմանն ի պատասխան նշել են Ucom-ում:

«Մեր ընկերությունը խիստ կարեւորում է ՀՀ-ում ՏՏ ոլորտի այնպիսի նախաձեռնությունները, որոնք գործնական աջակցություն եւ ուղիղ պատասխան են ենթադրում հայկական ռազմաարդյունաբերության գործարկման խնդրին: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ այս տարի մենք ներդրումներ ենք կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը եւ բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։ «Արմաթ»-ի սաների համար ուսումն անվճար է»,- ասել են ընկերությունում:
 
Ucom-ում ընդգծել են, որ խմբակներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաեւ սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար:

«Մենք հպարտ ենք, որ համակարգչային ծրագրերն ու համակարգերը հնարավորինս հայաֆիկացվում են, իսկ նախագծի իրականացման շրջանակում սարքավորումներ եւ ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները եւ այլ սարքերը»,- նշել են Ucom-ում: