10:13 | 12.07.16 | Նորություններ | 1660

    ԻՏՁՄ-ն սկսում է զորացրվողների ՏՏ կրթության եւ զբաղվածության ապահովման ծրագիր

    Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել է «ՀՀ զինված ուժերից զորացրվող զինծառայողների ՏՏ ոլորտում կրթության եւ զբաղվածության ապահովում» ծրագիրը:

    Ծրագրի նպատակն է ինժեներական հիմնարար գիտելիքներ եւ հմտություններ փոխանցել ապրիլյան մարտական գործողությունների մասնակից, զորացրված կամ առաջիկայում զորացրվող ժամկետային զինծառայողներին, վիրավոր զինածառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:

    Ներկայում ԻՏՁՄ-ն ՀՀ (ներառյալ՝ ԼՂՀ) դպրոցներում ու ուսումնական կենտրոններում հիմնել է  շուրջ 130 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ, որտեղ էլ նախատեսվում է իրականացնել ծրագիրը:

    Այն իրականացվելու է դասընթացների միջոցով: Տեւողությունը վեց ամիս է:  Յուրաքանչյուր ուսումնական խմբում կարող է ընդգրկվել առավելագույնը 15 անձ:

    Դասընթացը հնարավորություն կտա խմբում ընդգրկված անձանց տիրապետելու ծրագրավորման հիմնական սկզբունքներին՝ սկսած նախնական համակարգչային ծրագրավորման լեզվից (Scratch) մինչեւ բարձր մակարդակի ծրագրավորման լեզու (JavaScript), ինչպես նաեւ սովորել ռոբոտաշինության սկզբուքները:

    Նախատեսվում է, որ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Երեւանում առաջին դասընթացը կանցկացվի հուլիսի 15-ին:

    Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է.

    -Անձը հաստատող փաստաթղթով եւ զինվորական գրքույկով ներկայանալ   տարածքային զինվորական կոմիսարիատ եւ հաշվառվել:

    - Հաշվառվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության տարածքային կենտրոնում՝ գործազուրկի կամ աշխատանք փնտրողի կարգավիճակ ստանալու համար: Հաշվառվելիս անձը պետք է ցանկություն հայտնի ծրագրավորողի մասնագիտություն ձեռք բերելու համար:

    - Կապ հաստատել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) սույն ծրագիրը համակարգողի հետ՝ զանգահարելով +374-11-54-88-81 (ներքին՝ 12) հեռախոսահամարով: