ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին
07:28 | 12.05.16 | Նորություններ | 1483
Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամները ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիի հետ Երեւանում քննարկել են ՏՀՏ ոլորտում հայ-լեհական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
ՏՀՏ գործատուների միությունում տեղեկացրել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրների ՏՀՏ ոլորտներում գործող մասնավոր ընկերությունների՝ նոր շուկաներ մուտք գործելուն ուղղված հնարավոր համագործակցությունը, Հայաստանում ՏՀՏ միջազգային ժամանակակից ստանդարտների ներդրման, ՏՀՏ կիրառման ընդլայնման նպատակով փորձի փոխանակման հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկկողմ բիզնես ֆորումների անցկացման անհրաժեշտությունը եւ, մասնավորապես, հաջորդ շաբաթ Երեւանում կայանալիք հայ-լեհական գործարար համաժողովին մասնակցության կարեւորությունը:
ՏՀՏ գործատուների միությունը եւ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանը շեշտել են իրենց պատրաստակամությունը ապագայում եւս ակտիվ դերակատարություն ունենալ հայ-լեհական կապերի ամրապնդման գործում:
Հիշեցնենք, որ ՏՀՏ գործատուների միության ներկայացուցիչներն ավելի վաղ հանդիպել էին ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական հանրապետության դեսպան Թիան Էրլունի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ։
Չինաստանի դեսպանի Թիան Էրլունի հետ հանդիպման շրջանակներում համաձայնություն էր ձեռք բերվել խորացնելու երկու երկրների ՏՀՏ գործարար համայնքների համագործակցությունը՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման, փորձի փոխանակման, ՏՀՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներ պատրաստման, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ձեւերով։
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի եւ ԱՄՆ հյուպատոս Ֆրանկ Տուի հետ հանդիպման ընթացքում քննարկված հարցերից էր ՏՀՏ ոլորտի մասնագետների կողմից ԱՄՆ մուտքի արտոնագրի ստացման հետ կապված իրավիճակը։