07:25 | 12.05.16 | Նորություններ | 1913

Վաղը Երեւանում կմեկնարկի ArmBigData մրցույթ-հաքաթոնը

Մայիսի 13-ից 14-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի տվյալների կառավարման գիտության (շտեմարանների վերլուծություն, կառավարում եւ ծրագրավորում) ArmBigData մրցույթ-հաքաթոնը:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայանալիք հաքաթոնի կազմակերպիչը Հայաստանի ամերիկյան համալսարանի գիտության եւ ճարտարագիտության քոլեջն է:

Մասնակցության եւ գրանցման մանրամասները հասանելի են այստեղ:

Միջոցառմանը կմասնակցեն մեկ տասնյակից ավելի ընկերություններ՝ ՏՏ, փորձարարական գիտությունների եւ մաթեմատիկական ոլորտներից: Վերջիններս տրամադրված տվյալների մեծ շտեմարանների օգնությամբ լուծումներ կառաջարկեն հանրային ոլորտի այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են տրանսպորտի եւ ճանապարհային ծանրաբեռնվածության կարգավորումը, քաղաքային լուսավորությունը եւ ջրամատակարարումը, թիրախային իրազեկումը, ցանցային անվտանգությունը եւ այլն:

18 ժամ տեւողությամբ հաքաթոնի ընթացքում թիմերը կաշխատեն ծածկագրված հեռահաղորդակցության տվյալներով, կգտնեն օրինաչափություններ եւ դրանք վիզուալիզացիայի ենթարկելով՝ կօգնեն լուծել առաջադրված հանրային կարեւորություն ունեցող խնդիրները:

Նախաձեռնության նպատակն է բացահայտել Հայաստանում տվյալների գիտության (Data Science) ոլորտում առկա ներուժը, հետագայում հնարավորություն ընձեռել մասնագետներին ներգրավվել տեղական եւ միջազգային առաջատար նախագծերում:

Հեռահար նպատակն է ՀՀ-ում հիմնել տվյալների վերլուծության եւ կառավարման լաբորատորիա (ArmBigData Lab), ինչն էապես կնպաստի երկրում ոլորտի զարգացմանը: